Հոկտեմբերի 17-ից Լիբանանում հակակառավարական ցույցեր են սկսվել: Չնայած Սաադ Հարիրիի կառավարության հրաժարականին, հոկտեմբերի 29-ին երկրում հուզումները չէին դադարել: Երկրի տնտեսական եւ ֆինանսական իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային: 

Այսօր արդեն Բեյրութի կենտրոնում խորհրդարանի շենքի շրջանում մարդկանց խմբերը ոստիկանության եւ բանակի ջոկատների վրա քարեր են նետում՝ թաքնվելով խաղաղ ցուցարարների շարքերում: Կարգի պահապաններն ակտիվիստներին ցրելու համար իրենց հերթին օգտագործում են արցունքաբեր գազ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է խաղաղ ցույցի մասնակիցը:

Լիբանանի մյուս խոշոր քաղաքներում եւ հիմնական մայրուղիներում ակտիվիստները փակում են փողոցները՝ այրելով անվադողերն ու աղբամանները:

Ցուցարարների եւ բանակի միջեւ ուժգին դիմակայությունը սկսվել էր շաբաթ տեղական ժամանակով 17:00-ի սահմաններում այն բանից հետո, երբ ակտիվիստների խումբը փորձել էր ներխուժել խորհրդարանի շենք: