Օրեր առաջ Թուրքիայում կայացած Ստամբուլի 36-րդ կինոփառատոնի շրջանակում «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել 1915 թվականի ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանում ապրել շարունակած սասունցի հայերի երկրորդ սերնդից Դերդոյի մասին պատմող «Դերդո մայրիկն ու ընկուզենու ծառը» ֆիլմը:

Ֆիլմը պատմում է 1975թ.-ին մահմեդական հարևանների հետ հողային վեճի հետևանքով ամուսնուն կորցրած և 8 երեխաների հետ ստիպված Ստամբուլի ճանապարհը բռնած հայուհի Դերդոյի մասին:

Ստամբուլի հայկական պարբերականներից  «Ակօսի» հետ զրույցում ֆիլմի թուրք ռեժիսոր Սերդար Օնալը պատմել է իր և Դերդո մայրիկի ընտանիքի հետ ծանոթության պատմությունը։

«Նոր էի Տրապիզոնից Ստամբուլ եկել, դպրոցում ուսուցչություն էի անում: Դերդո մայրիկի թոռան հետ նույն դպրոցում էինք, ընկերացանք: Կյանքումս ճանաչածս առաջին հայն էր: «Որտեղացի՞ եք, որտեղի՞ց եք եկել» հարցերից սկսեցի մեր ծանոթությունը: Նա էլ թե` «Բիթլիսից ենք»: Շատ զարմացա: Բիթլիսում դեռ հայե ՞ր կան… Ինձ հակիրճ պատմեց Դերդո մայրիկի պատմությունը: Պատմեց, որ չնայած բազմաթիվ ցավերին` տատիկը դեռ չի կարողանում ամբողջությամբ լքել իր հայրենի հողն ու ապրելով Ստամբուլում՝ ամեն ամառ գնում է գյուղ, իր տան ընկուզենու ընկույզները հավաքում», — հիշում է Օնալը:

Ֆիլմը փառատոնի շրջանակում առաջին անգամ ներկայացվել է Ստամբուլի «Բեյօղլու» կինոսրահում և մեծ հաջողություն վայելել դիտողների ու պրոֆեսիոնալ ժյուրիի շրջանում:

 

http://www.tert.am/am/news/2017/04/22/derdo-mutki/2349039