Թուրքական իշխանամետ «Akşam» թերթի վերլուծաբան Էմին Փազարջըն հերթական հոդվածով թիրախավորել է Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչատանն ու մայրաքաղաք Անկարայի Չանքայա շրջանի քաղաքապետարանին:

Պատճառն այն է, որ որոշ ժամանակ առաջ «Արաս»-ի ու Չանքայայի քաղաքապետարանի՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված ղեկավարության համագործակցությամբ տեղի է ունեցել գրքերի ցուցահանդես, որտեղ ցուցադրվել են նաև Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Փազարջըն գրում է, որ ցուցահանդեսի ժամանակ հրամցնում են ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի «ստերը», որոնց դեմ իրենք տարիներ շարունակ պայքարում են:

«Այնտեղ ցուցադրվել, ներկայացվել ու վաճառվել են «Արաս» հրատարակչության գրքերը, որը հայկական կազմակերպություն է: Դրանց մեջ կա 158 թուրքերեն և 60 հայերեն գիրք»,-գրել է ցեղասպանությունը ժխտող հեղինակը՝ այդ գրքերից առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով ֆրանսահայ հեղինակ Միշել Մարիանի «Հայոց ցեղասպանություն» գրքի վրա: