Ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ Պարույր Սևակը, որի ստեղծած անթիվ ու անհամար գործերը գերել և գերում են տարբեր սերունդների ներկայացուցիչների, հունվարի 24-ին կդառնար 96 տարեկան: Պարույր Սևակի տուն-թանգարանն ավանդույթի համաձայն նշելու է գրողի ծննդյան տոնը` կազմակերպելով տարբեր միջոցառումներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանն ասաց, որ ծաղիկներ են խոնարհելու գրողի շիրիմին, այնուհետև  Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները և «Ռոտոնդա» մանկապատանեկան ներառական թատերախումբը հանդես են գալու ելույթներով, թատերական ներկայացմամբ:

Անդրադառնալով տուն-թանգարանի գործունեությանը` Սևակ Ղազարյանը շեշտեց, որ ընդամենը մեկ տարի է, ինչ ստանձնել է տնօրենի պարտականությունները, և այդ ընթացքում որոշ փոփոխություններ են իրականացրել:

«2019 թվականին կտրուկ ավելացել է մեր թանգարան այցելողների թիվը: Ընդհանուր առմամբ՝ թանգարանն ունեցել է 14085 այցելու: Սա աննախադեպ ցուցանիշ է թանգարանի` գրեթե 40-ամյա գործունեության համար:Թանգարանը  ակտիվ է նաև վիրտուալ սոցիալական հարթակում: Ամբողջացրել ենք տուն-թանգարանի մատուցած ծառայությունների փաթեթը»,-պատմեց տուն-թանգարանի տնօրենը: