Լրագրող, վավերագրող, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի գնդապետ Ցվետանա Պասկալևան գրողների և ազատամարտիկների ընկերակցությամբ տոնեց ծննդյան վաթսունամյա հոբելյանը: Պասկալևային ընդունեցին ծաղիկներով, ծննդյան տորթով և բարեմաղթանքներով` ներկայացնելով հոլովակ, որը պատմում է նրա` Արցախյան ազատամարտի ժամանակ կատարած ծանր աշխատանքի մասին:

Հոբելյարը պատմեց, որ արցախյան գոյամարտի տարիներին Հայաստան է եկել, որպես լրագրող, բայց մնացել է մեր երկրում հոգու կանչով: «Երբ հայտնվեցի իրադարձությունների կիզակետում և տեսա, որ այդ ամենը ողբերգություն է, հասկացա, որ Ղարաբաղի ժողովուրդն իմ օգնության կարիքն ունի, ելքը միջազգային հարթակ հայերի համար այդ ժամանակներում շատ բարդ էր»,-պատմեց օրվա հերոսուհին:

 Նա սկզբում կարծել է, թե միայն լուր է հաղորդում`աշխարհի ուշադրությունը հրավիրելով ղարաբաղյան խնդրի վրա: Պարզվեց` լուրջ վավերագրություն է ստեղծում: