Գիտնականները պարզել են, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կանայք վերջին 8.000 տարվա ընթացքում գենետիկ տեսանկյունից գրեթե չեն փոխվել: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Current Biology ամսագրում, որը կարճ ներկայացնում է Cell Press-ը:

«Մենք չենք կարողացել որևէ փոփոխություն հայտնաբերել կանանց գենոֆոնդում շատ երկար ժամանակահատվածի ընթացքում: Դա չափազանց հետաքրքիր է, քանի որ այդ նույն ժամանակահատվածում տարածաշրջանը բազմաթիվ մշակութային փոփոխություններ է կրել, սակայն այդ փոփոխությունները հավանաբար կապված չեն գենետիկ ազդեցության հետ, առնվազն՝ բնակչության կանանաց հատվածի վրա»,- ասել են աշխատանքի համահեղինակներ՝ Դանիայի բնագիտության թանգարանի գեոգենետիկայի կենտրոնի գիտնականներ Աշոտ Մարգարյանը և Մորտեն Ալենտոֆտը:

Այդ եզրակացություններին փորձագետները հանգել են՝ ուսումնասիրելով Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից 52 հնագույն կմախքի ամբողջական միտոխոնդրիալ գենոմները: Ամենահին նմուշների տարիքը կազմել է 7,8 հազար տարի: Այդ տվյալները գիտնականները համեմատել են 206 ժամանակակից հայի միտոխոնդրիալ գենոմների մասին տեղեկությունների հետ, ինչպես նաև ավելի վաղ հարևան յոթ բնակչություններից ավելի քան 480 մարդկանց մասին հրապարակված տվյալների հետ:

Վերլուծությունը ցույց է տվել, որ ժամանակակից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքներում բնակչության թիվն արագ աճել է մոտ 18 հազար տարի առաջ, բայց մոտ երկու-երեք հազար տարի առաջ տարածաշրջանում տեղի ունեցած միգրացիաները փաստացիորեն ազդեցություն չեն թողել կանանց վրա: Գիտնականները պատրաստվում են իրականացնել Ադրբեջանի արևելյան տարածքներից, ինչպես նաև Վրաստանից վերցրած նմուշների գենետիկ ուսումնասիրություն:

Աշոտ Մարգարյանը նշել է, որ հետազոտությունը ցույց է տալիս, որ կա՛մ մշակութային փոփոխությունները տեղի են ունեցել նախևառաջ գաղափարների փոխանակության միջոցով, կա՛մ նախևառաջ տղամարդիկ են գնացել նոր տարածքներ՝ իրենց հետ բերելով մշակութային նոր գաղափարներ:

 

Картинки по запросу Раскрыта особенность генетического происхождения женского населения Армении

 

http://www.tert.am/am/news/2017/06/30/genetic/2417788