Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լուսինե Թումանյանի «Վանա լճի կղզիների վանքերի գրչության կենտրոնները» խորագրով աշխատությունը: Գրքի խմբագիրն է Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը:

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտից տեղեկացնում են, որ գրքում Վանա լճի Աղթամար, Լիմ և Կտուց կղզիների վանքերը ներկայացված են որպես գրչության կենտրոններ, ամբողջացված է նրանցից մեզ հայտնի ձեռագրական ժառանգությունը, և կազմված են այդ ձեռագրերի ցանկերը: Ձեռագրական նյութերի հիման վրա լուսաբանված են նաև նշյալ վանքերի պատմության բազում անհայտ էջեր:

Վանա լճի կղզիների վանքերը հարկադրաբար դադարել են գործել Առաջին աշխարհամարտի տարիներին և այժմ լքված ու անբնակ են: Ուստի` այս վանքերում դարեր շարունակ ծավալված հայկական մշակութային կյանքի վկաներն այսօր դրանցում ստեղծված հարյուրավոր մատյաններն են, որոնց ուսումնասիրությանն է նվիրված սույն աշխատությունը: