Խրիմյան Հայրիկը ( Մկրտիչ Խրիմյան)Հայ Առաքելական Եկեղեցու 125-րդ Կաթողիկոսը։Ծնվել է 1820 թվականի ապրիլի 4-ին Վանում, ուսանել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում, 1842 թ-ին հաստատվել է Կոստանդնուպոլսում: 1854 թ-ին ձեռնադրվել է վարդապետ: 1855–56 թթ-ին հրատարակել է «Արծվի Վասպուրականի» ամսագիրը: 1856 թ-ի հունիսին, վերադառնալով Վան, ստանձնել է Վարագավանքի վանահայրությունը, որտեղ 1857 թ-ին հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց վարժարան, իսկ 1858 թ-ին վերսկսել «Արծվի Վասպուրականի» հանդեսի հրատարակությունը: 

1862 թ-ին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ ստանձնել է Սբ Կարապետ վանքի վանահայրությունը: Տարոնում հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց նոր վարժարան, 1863–65 թթ-ին հրատարակել է «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը՝ Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ: Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան հայտարարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական և փակել դպրոցն ու տպարանը: 

1868 թ-ին Սբ Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869 թ-ին ընտրվել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք: 

Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է գավառահայության հարստահարությունը քննող հանձնաժողով, որի կազմած տեղեկագիրը Պոլսի ազգային ժողովը 1872 թ-ին ներկայացրել է Բարձր դռանը: Այդ գործունեությունը հարուցել է թուրքական կառավարության և Կոստանդնուպոլսի հայ մեծահարուստների դժգոհությունը, որի պատճառով 1873 թ-ի օգոստոսին նա հրաժարվել է պատրիարքությունից:

Իբրև Բեռլինի վեհաժողովի (1878 թ.) հայկական պատվիրակության ղեկավար՝ նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա) պետական պաշտոնյաներին  և փորձել ձեռք բերել նրանց բարյացակամությունը Հայկական հարցի լուծման համար: Սակայն, հիասթափված վեհաժողովի արդյունքներից, փոխել է իր դիրքորոշումը և ժողովորդին ազգային-ազատագրական պայքարի կոչ արել:

1879 թ-ին Խրիմյան Հայրիկն ընտըրվել է Վասպուրականի հոգևոր առաջնորդ.1890 թ-ի հուլիսի 15-ի Գում Գափուի ցույցից հետո թուրքական կառավարությունը նրան աքսորել է Երուսաղեմ: 

1892 թ-ի մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնել Խրիմյանին ազատել թուրքահպատակությունից և միայն 13 ամիս անց Ռուսաստանի ցարի միջնորդությամբ նրան թույլատրել է գնալ Սբ Էջմիածին: 1893 թ-ի սեպտեմբերի 26-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս: 1895 թ-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, ներկայացել Նիկոլայ II ցարին՝ Արևմտյան Հայաստանում խոստացված բարենորոգումների իրականացման խնդրագրով: 1894–96 թթ-ի արևմտահայերի ջարդերի ժամանակ արել է առավելագույնը. նյութապես օգնել է գաղթականներին, պայմաններ ստեղծել հայրենի երկիր վերադառնալու համար: Եռանդուն պայքար է մղել  հայ եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու մասին ցարական կառավարության 1903 թ-ի հունիսի 12-ի օրենքի դեմ. հոգևոր թեմակալ առաջնորդներին կարգադրել է չենթարկվել դրան:

Մկրտիչ Ա Վանեցու օրոք Սբ Էջմիածնի վանքում կառուցվել են նոր հյուրանոց, Սինոդի նոր շենքը, թանգարան, նոր մատենադարան: Մկրտիչ Խրիմյանը գրել է բազմաթիվ հոգևոր, կրոնաբարոյախոսական, հրապարակախոսական, ազգագրական աշխատություններ:Ազգանվեր գործունեության համար ժողովուրդը նրան կոչել է Հայրիկ պատվանունով: 

Ամփոփված է Մայր Աթոռի բակում,Հայոց  կաթողիկոսների կողքին։