Այսօր՝ ապրիլի 4-ին, ամբողջ աշխարհում նշվում է Համացանցի համաշխարհային օրը: Նշենք, որ համացանցի ստեղծման տարեթիվ ընդունված է համարել 1969 թվականը, երբ ԱՄՆ պաշտպանության նախարարության հիմնարկությունների մեծ մասը միավորեցին իրենց համակարգչային ցանցերը մեկ միասնական ցանցի՝ ARPANET-ի (Advanced Research Projects Agency Network) մեջ, որը համարվում է համացանցի նախատիպը։

Սկբնական շրջանում ցանցը միացնում էին այն ստեղծող չորս գիտական հաստատությունները, բայց շուտով ցանցն սկսեց ակտիվորեն աճել: 1971թ.-ին մշակվեց էլեկտրոնային փոստի առաջին ծրագիրը, 1973թ-ին ցանցին միացան առաջին օտարերկրյա կազմակերպությունները`   Մեծ Բրիտանիան և Նորվեգիան, այդպիսով ցանցը դարձավ միջազգային:

 1983թ.-ին ARPANET-ն սկսեց TCP/IP հաղորդակարգի օգտագործումը, որը կիրառվում է մինչև օրս: Այսօր համացանցից օգտվում է աշխարհի բնակչության մեկ երրորդից ավելին: Այն օգտագործում են շփման, վաստակելու, զվարճանալու համար: Այն դարձել է մեր կյանքի բաղկացուցիչ մասը։Համացանցը հասանելի է դարձել նոթբուքերի, նեթբուքերի, բջջային հեռախոսների և այլ սարքերի միջոցով: