Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սյունիքի մարզի Լոր գյուղում ապրիլի 14-ին 1914 թվ: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.:  Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը  նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:

  Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

Պարգևատրվել է մի շարք պետական  շքանշաններով:

2014 թվականի ապրիլի 14-ին՝ բանաստեղծի 100-ամյակին, նրա հայրենի գյուղում՝ Լորում բացվել է տուն-թանգարան։Համո Սահյանի անունն է կրում Երևանի Արաբկիր վարչական շրջանի փողոցներից մեկը, Երևանի №70 հիմնական դպրոցը։

Մահացել է 1993 թվականի  հուլիսի 17-ին Երևանում։