Ապրիլի 13-ին ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում միաձայն ընդունել է հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ։

Որոշման համար հիմք է ծառայել այն, որ Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։

Նախագիծը կուղարկվի ՀՀ Ազգային ժողով, որը կկայացնի վերջնական որոշում: