Կ․Պոլսի քաղաքապետարանն ապրիլի 23-ին ազգային ինքնիշխանության ու երեխաների տոնի առիթով օգնության փաթեթներ էր բաժանել քաղաքի բնակիչներին։ Այդ փաթեթների մեջ եղել է նաև մի գրքույկ, որի էջերից մեկում առկա լուսանկարում պատկերված են եղել իրար կողք նստած մուսուլման, քրիստոնյա, ալևի ու հրեա հոգևորականներ։ 

Քննարկման առարկա դարձած լուսանկարի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է քաղաքապետարանին, որը ղեկավարում է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն։

Էրդողանին  վրդովեցրել է, այն հանգամանքը, որ ալևիականությունը ներկայացվել է որպես իսլամից առանձին, ինքնուրույն կրոն։ 

« Ես հատկապես ժողովրդի ներկայությամբ եմ ցանկանում հայտարարել, որ նզովում եմ, դատապարտում եմ ալևիականությունը որպես կրոն ներկայացնելու այդ մոտեցումը, որը կա նրանց բաժանած գրքույկում»,- ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո ։

Նշենք, որ ալևիների դավանած ալևիականությունը Թուրքիայում պետության կողմից չի ընդունվում որպես առանձին կրոն, այլ ներկայացվում է սուննի իսլամի հետ միասին։ Ալևիները, սակայն, իրենց համարում են առանձին կրոնական ուղղության ներկայացուցիչներ, չեն ընդունում իրենց նույնացումը իսլամի հետ և չեն աղոթում թուրքական մզկիթներում։