Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի երկրները հանդես են եկել Թուրքիայի վարած քաղաքականության և Անկարայի կողմից միջազգային իրավունքի բազմակի խախտումների կոշտ դատապարտմամբ:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, Հունաստանի, Եգիպտոսի, Կիպրոսի, ինչպես նաև Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարարները տեսահամաժողովի ձևաչափով խորհրդակցություն են անցկացրել տարածաշրջանային թեմաներով:

«Նախարարները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Կիպրոսի բացարձակ տնտեսական գոտում և նրա տարածքային ջրերում, ինչը միջազգային իրավունքի և Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիայի բացահայտ խախտում է: Սա Կիպրոսի ծովային տարածքներում անօրինական երկրաբանական հետազոտություն իրականացնելու Թուրքիայի վեցերորդ փորձն է մեկ տարվա մեջ»,- ասվում է նախարարների համատեղ հայտարարության մեջ: 

Նախարարները քննարկել են նաև Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի հաճախացած խախտումները: Արտգործնախարարները պահանջել են Թուրքիայից հարգել այլ երկրների ինքնիշխանությունը: