Լույս է տեսել քարտեզագիր, աշխարհագրագետ Գրիգոր Բեգլարյանի «Ատլաս Հայաստանեայց աշխարհի եւ հարակից շրջանների» աշխատության առաջին հատորը, որը վերաբերում է մեր պատմական հայրենիքի մի հատվածին։ Եվ այդպես էլ վերնագրված է՝ «Արեւմտյան Հայաստան»։

Վաղուց էր հեղինակը ձեռնարկել  պատմական Հայաստանի համապարփակ քարտեզագրության աշխատանքները: Այն պետք է ներառի ողջ պատմական Հայաստանը` Կասպից ծովից մինչեւ Էգեյան ծով եւ Կովկասից մինչեւ Պարսից ծոց: Շուրջ 781 հազար քառակուսի կիլոմետր տարածություն: Գրիգոր Բեգլարյանի տեսակետն է` համաշխարհային քաղաքակրթությունը նախ ձեւավորվել է հայկական լեռնաշխարհում, ապա այստեղից տարածվել աշխարհի մյուս կողմերը:

Իսկ ինչի՞  վրա է հենվում գիտնականն այս թեզը պաշտպանելիս:

Այս հարցի պատասխանը տալիս է տեղանուններն ուսումնասիրելու ու դրանք քարտեզագրելու ճանապարհով: Ըստ գիտնականի՝ ոչ միայն  Հայկական լեռնաշխարհը, այլեւ նրան հարող ողջ Առաջավոր Ասիան, նաեւ Թուրքմենստանից ու Չինաստանից մինչեւ Իսպանիա, հեղեղված են հայկական տեղանուններով: