Երուսաղեմի Հայոց պատրիարքության Հայերի դեմ իրագործված ցեղասպանության արխիվում է պահվում իր ծավալով ամենամեծ հավաքածուն։ Այն ստեղծվել է 1919 թ. Կ. Պոլսում՝ Զավեն արք. Եղիայան պատրիարքի անմիջական ջանքերով եւ վերահսկողությամբ։ 1938-ից ի վեր այդ բացառիկ արխիվը պահվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում։ 2017-ից սկսած թուրքագետ Լուսինե Սահակյանը եւ օսմանագետ Անի Սարգսյանը չորս այցելություն են կատարել Երուսաղեմի Հայոց պատրիարքություն, որի ընթացքում մաքրել եւ դասակարգել են 11 տուփ կազմող վավերագրերը եւ լուսապատճենել շուրջ 25 հազար էջ։ 

Այս թեմայի շուրջ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար, բ․գ․թ․ Լուսինե Սահակյանը մասնավորապես ասաց.«Հայոց ցեղասպանությունը կատարված իրողություն է եւ վեր է որեւէ կասկածից: Արխիվը Հայոց ցեղասպանության եւ Հայկական հարցի բացառիկ մի ժամանակագրություն է, որն ընդգրկում է 1911-1922 թթ.։ Անխոնջ աշխատանքի արդյունքում հավաքվել են վավերագրեր ցեղասպանության մանրամասների՝ գլխավոր կազմակերպիչների, հայերի կոտորածների, թալանի, ունեզրկման, մարդկանց առեւանգումների, դատական հայցադիմումների եւ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարության արձագանքների ու համապատասխան հանձնարարականների եւ այլնի մասին։ Բազմաթիվ էջեր են կազմում ականատեսների վկայությունները»:

Ամբողջական հոդվածը հասանելի է Հայաստանի Հանրապետություն օրաթերթի այսօրվա համարում։