Քարաքուրթ ամբարտակի և հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) ծրագրի պատճառով Կարսի Սարիղամիշ գավառի Քարաքուրթ գյուղը հայտնվել է ջրի տակ: Բարձրացող ջուրը փակել է գյուղի մուտքն ու ելքը, գյուղացիները հայտնվել են անելանելի դրության մեջ: Գերեզմանատները նույնպես հեղեղվել են, գյուղացիները սկսել են տեղափոխել գերեզմանները:

Գյուղացիները, ովքեր բարձրացող ջրի պատճառով  ստիպված էին բարձրանալ իրենց տների տանիքները, ասացին. «Նրանք ջրի տակ թողեցին մեր տները, մեր պատմությունը»:

BirGün- ի հետ զրույցում Քարաքուրթ գյուղից Զաֆեր Ջանդանը ասաց հետևյալը. «Մեզ ասում են դուրս եկեք, գնացեք այստեղից: Մենք ինչպե՞ս թողնենք մեր տները, ինչպե՞ս դուրս բերենք մեր հանգուցյալներին: Թափառող կենդանիները չեն կարողանում իրենց համար սնունդ գտնել»:

Նրանք անտեսում են պատմությունը

Ջրի բարձրացումով հեղեղվել են ճանապարհներն ու բնակիչների տները, ինչպես նաև բազմաթիվ մշակութային ժառանգություններ: Շրջանում գտնվում են  2000-ամյա պատմություն ունեցող եկեղեցի, 22 մշակութային ժառանգություն և Ուրարտական ժամանակաշրջանից մնացած քարե տներ:

Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և լրագրող Բարըշ Յարքադաշը, ով այս հարցը սոցիալական լրատվամիջոցներից բերեց  օրակարգ, ասաց. «Մենք չենք կարող թույլ տալ, որ ՀԷԿ-ը, որը կծառայի ընդամենը 15 տարի, ոչնչացնի 2 հազար տարվա պատմություն ունեցող մի գյուղ: Խնդրի մեկ այլ կողմն էլ այն է, որ բոլոր մասնագետները, որոնց հետ ես խոսել եմ, ասում են, որ ջերմության փոփոխությունը, որը կստեղծի ՀԷԿ-ը տարածաշրջանում,  կխոչընդոտի Սարիղամիշի հռչակավոր ձյան տեղումներին, և ​​դա էլ իր հերթին կոչնչացնի բնությունը և կհարվածի ձմեռային զբոսաշրջությանը»:

Բնապահպանական ազդեցության գնահատման թղթապանակը թերի  է պատրաստված

Հայտարարելով, որ իրենք դեմ են 2017-ին ամբարտակի և ՀԷԿ-ի վերաբերյալ կազմված թղթապանակի դրական որոշմանը, փաստաբան Մեհմեթ Փարլակն այսպես շարունակեց.«Ի սկզբանե այդ հաշվետվությունը պատրաստվել է հակառակ ընթացակարգին և օրենքին:  Քարաքուրթի ամբարտակի և ՀԷԿ-ի ծրագրի շրջանակներում կազմված հաշվետվությունը պատրաստվել է՝ անտեսելով այն փաստը, որ տարածքում գտնվում են գրանցված մշակութային արժեքներ: Որևէ օրինապահ երկրում ընդունելի չէ գյուղացիներին տարհանել բնակավայրից՝ նախօրոք այլ բնակավայր չտրամադրելով, այն էլ՝ վիրուսի բռնկման կիզակետում: Իրավասու մարմիններից պահանջվում է ձեռնարկել գործողություններ և ջրի ամբարումը հնարավորինս արագ դադարեցնել :

Գործարկել են ապօրինի հանքեր

Փարլակն ասաց, որ ջրամբարի համար ապօրինաբար  բացվել են քարհանքեր. «Չնայած մենք բազմիցս փակեցինք այն, սակայն քարհանքերը շարունակվում են շահագործվել տարիներ շարունակ: Մենք դատական ​​հայց ենք ներկայացրել Կարսի հատուկ նահանգային վարչակազմի և հանքարդյունաբերության հարցերի գլխավոր տնօրինության դեմ: Քանի որ քարհանքը լիցենզավորված չէր, որոշում կայացվեց դադարեցնել շահագործումը, բայց եղածն արդեն եղել էր»:

 

birgun.net