Ադրբեջանում չհայտարարված լայնածավալ հարձակողական բնույթի զորավարժությունը ներառել է նաեւ Նախիջեւանի տարածքը: Բաքվի ու Անկարայի ԶԼՄ-ները հաղորդում են, որ Թուրքիան Նախիջեւանում տեղակայել է TRG-300 Kaplan հրթիռային կայանքը, որի հրթիռները 90 եւ 120 կմ հեռահարություն ունեն: Նշվում է, որ այդ զինատեսակը կարող է փոխել հավասարակշռությունը Նախիջեւանի ուղղությամբ:

Այսպիսով, Նախիջեւանը, որը երկար տարիներ «բացակայում» էր հայ-ադրբեջանական հակամարտությունից, վերջին տարիներին ակտիվորեն ներգրավվում է Հայաստանի հանդեպ թուրքական ռազմա-քաղաքական նպատակներին: Մի կողմից դա համարվում է երկրորդ ճակատ Հայաստանի դեմ՝ թիրախում ունենալով Երեւանը, ռազմական հնարավոր գործողությունների ժամանակ, մյուս կողմից՝ փաստարկ Մոսկվայի հետ առեւտրում:

Նախիջեւանի գործոնը թուրքերի համար չի սահմանափակվում միայն ռազմական խնդիրներով: Նախիջեւանում բացվել են տարբեր ոլորտներին առնչվող թուրքական ներկայացուցչություններ, Նախիջեւան-Իգդիր-Կարս տնտեսական եւ ժողովրդագրական ինտեգրման նպատակով: Նախիջեւանի «ավելորդ» բնակչությունը վերաբնակեցվում է հայկական Իգդիրում ու Կարսում, որտեղ թուրք բնակչության թիվը խիստ փոքր է:

Նախիջեւանի ուղղությամբ Բաքու-Անկարա գործակցությունը խոշոր հաշվով միտված է 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրին, որով Նախիջեւանը նվիրաբերվեց Ադրբեջանին ու հայաթափվեց: Կարսը, Սուրմալուն ու Արարատ լեռն անցան Թուրքիային:

1921 թ. մարտի 16-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջեւ Մոսկվայում կնքված անօրինական պայմանագրով Նախիջևանը հանձնվեց Բաքվի խնամակալությանն առանց երրորդ կողմի փոխանցելու իրավունքի, իսկ Թուրքիան ու Ռուսաստանը դարձան Նախիջեւանի կարգավիճակի «երաշխավոր»։ Մեկ տարի անց լրանում է այս պայմանագրի 100 տարին, երբ Անկարան ու Մոսկվան պետք է որոշում կայացնեն այն երկարացնելու կամ պայմանագրից դուրս գալու վերաբերյալ:

Միեւնույն ժամանակ, այդ պայմանագիրն ըստ էության Նախիջեւանի մասով արդեն չի գործում: Նախիջեւանի պայմանագրային կարգավիճակը մնացել է թղթի վրա, իրականության մեջ այն անցել է Թուրքիային, որի առաջ ճանապարհը բացել է Ռուսաստանը: Հնարավոր է՝ դա ռուս-թուրքական պայմանավորվածության կամ առեւտրի մաս է՝ թուրքերին տրված նոր երաշխիքներով, այն դեպքի համար, եթե չերկարացվի 1921 թ. պայմանագրի ժամկետը:

Միեւնույն ժամանակ, Նախիջեւանի ճանապարհը բաց է նաեւ Հայաստանի համար՝ վերադարձնելու իր օրինական տարածքը: Այդպիսով կհանգուցալուծվի շրջանային խնդիրների մի ողջ կծիկ՝ անվտանգային, կոմունիկացիոն եւ այլն: Ընդունա՞կ է հայկական կողմը մշակել համապատասխան ռազմավարություն՝ հայկական պետականության համար այս կենսական խնդիրը լուծելու համար: Թե՞ հայկական քաղաքական միտքը սահմանափակվում է ներքաղաքական ներկայիս ճղճիմ «բանավեճերի» եւ Ղարաբաղում փուլային թե փաթեթային սխեմաների անհեթեթ շրջանակներում:

Մինչ այդ, հայկական բանակը պատրաստության է բերել Սմերչ հրթիռային համակարգերը՝ ի պատասխան թուրքական զորավարժության: