Օրեր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը  և Էյչ-Էս-Բի-Սի Բանկը կազմակերպել էին գործարար համաժողով, որի նպատակը ոլորտի հայկական ընկերություններին ամերիկյան հայտնի «Վալմոնտ» և «Մոնսանտո» ընկերությունների փորձի, ապրանքների ու տեխնոլոգիաների ներկայացումն էր ու կապերի ձևավորումը:

Դեսպանատան փորձերը կապել հայ գյուղացուն և միջազգային այս հրեշին մեծ արձագանք գտավ Հայաստանում, քանզի ոչ միայն ոլորտի մասնագետները, այլև շատերին էր հայտնի ամերիկյան «Մոնսանտո» ընկերության գործունեության ոչ փայլուն վարկանիշը:

Նախ մի փոքր ներկայացնենք «Մոնսանտո» ընկերությունը:

Այն ստեղծվել է 1901 թ.-ին Ջոն Ֆրենսիս Քուինիի կողմից։ Երկար ժամանակ ընկերությունը զբաղվում էր քիմիական արտադրանքով։ Սկզբում «Կոկա Կոլա» ընկերության համար սախարին էին արտադրում, հետո սկսեցին զբաղվել կոֆեինինով և վանիլինի արտադրանքով։ Ընկերությունը հայտնի է նաև Agent Orange արտադրանքով, որը ամերիկացիները լայորեն կիրառում էին Վիետնամի պատերազմի ժամանակ անտառների ոչնչացման նպատակով: 20 տարի առաջ ընկերությունը սկսեց զբաղվել գենետիկորեն մոդիֆիկացված գյուղատնտեսական կուլտուրաների արտադրությամբ։ Սկզբում սոյան էր, բամբակը, հետո տեսականին ընդլայնվեց։ Ընկերությունը կուլ տվեց իր բոլոր մրցակիցներին:

«Մոնսանտո»-ն աստիճանաբար ընդլայնեց իր աշխարհագրությունը և միջազգային կազմակերպության կարգավիճակ ստացավ։ Հիմա այն բույսերի բիոտեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար է համարվում։

Ընկերությունը վստահեցնում է, որ իբր ավանդական սելեկցիայի սերմեր է վաճառում, որոնք ԳՄՕ չեն պարունակում, բայց ընկերության տեխնոլոգիաները նախատեսում են, որ գյուղատնտեսական վայրերը գլիֆոսատով մշակվեն։ Սակայն գլիֆոսատը մահացու թույն է ոչ միայն գյուղատնտեսական վնասատուների համար:

«Մոնսանտո»-ի մասին մեծ աղմուկ բարձրացավ, երբ նա փորձում էր Եվրոպա մուտք գործել: Ըստ էության Եվրամիությունն իր տարածքում խստորեն արգելում է ԳՄՕ-ն, բայց The Guardian-ի վերջին համարներից մեկից տեղեկություն է մեջբերվում։ Պարբերականը գրում է, որ «Մոնսանտո»-ն, միայն պաշտոնական տվյալների համաձայն, Եվրոպական խորհրդարանում իր շահերն առաջ մղելու համար տարեկան 300-400 հազար եվրո է ծախսում։ Թերթը նաև ներքին նամակագրություն է հրապարակել. կորպորացիայի մասնագետները քննարկել են` ինչպես կարելի է խոչընդոտել պեստիցիդ-գլիֆոսատի օբյեկտիվ ուսումնասիրությունը։ Նամակագրության մասնակիցները «Մոնսանտո»-ի աշխատակիցներն են, ամերիկյան պաշտոնյաներն ու գիտնականները:

Ի դեպ, 2005 թվականին «Մոնսանտո»-ն փորձում էր Ինդոնեզիայում գենետիկորեն ձևափոխված բամբակ ցանել ու 1,5 միլիոն դոլարով տուգանվեց Ինդոնեզիայի բնապահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային կաշառք տալու համար։ Հենց այդ ժամանակ «Մոնսանտո»-ն խոստովանեց, որ 1997-ից 2002 թվականի ընթացքում կաշառք է տվել բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նման դեպքերը բազմաթիվ են:

Ահա լրատվամիջոցներում  հայտնված հոդվածների վերնագրերը, որոնք վերաբերում են «Մոնսանտո»-ի արտադրանքին և նրա հեղինակությանը։ «Ֆրանկեյշտեյնի ուտելիք», «Աշխարհում ամենաատելի ընկերությունը», «Մոնսանտոն Երկիր մոլորակի թշնամին է» և այլն:

Ապրիլին Միջազգային Տրիբունալը «Մոնսանտո»-ին վերաբերող որոշում կայացրեց: Մասնավորապես, նշվում էր, որ ընկերությունը բացասաբար է անդրադառնում մաքուր շրջակա միջավայրից օգտվելու իրավունքի, ուտելիքի և առողջության իրավունքի վրա։ Սակայն այս ոլորտում միջազգային իրավունքը, լինելով անկատար, ինչպես կարծում են Տրիբունալի անդամները, թույլ չի տալիս ընկերությանը պատասխանատվության ենթարկել:

 

Ի՞նչ է կատարվում Հայաստանում

Հայաստանում ԳՄՕ-ի արտադրությունը նույնպես արգելված է, սակայն թույլատրվում է ԳՄՕ պարունակող մթերքի ներմուծումը, եթե տուփի վրա կա հատուկ նշումը։

Պարզվում է նաև, որ առևտրային միջնորդների միջոցով 2006թ-ից «Մոնսանտո»-ի արտադրանքն արդեն ներկա է Հայաստանում։ Մասնավորապես, իրացնում է սերմեր մեր գյուղացիներին:

Այս աղմուկից հետո ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, որ «Չնայած հայ և ամերիկացի ագրոբիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպել էր ԱՄՆ դեսպանատունը, բայց կազմակերպությունների արտադրանքից և ծառայություններից օգտվել չօգտվելու որոշումը կայցվելու է ֆերմերների և ագրոբիզնեսների կողմից»:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անմիջապես հայտարարություն տարածեց, որ չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ, բայց ԳՆ ներկայացուցիչը մասնակցում էր դեսպանատան կազմակերպած մերձեցման հանդիպմանը:

«Հայտնում ենք, որ ս.թ. նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպվել էր համաժողով, որին դեսպանատան հրավերով մասնակցել են մի շարք ամերիկյան կազմակերպություններ, մասնավորապես «Մոնսանտո» ընկերությունը: Միջոցառման ընթացքում ներկայացվել են ընկերության ապրանքները, բարձրացվել են մի շարք հարցեր: Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը շեշտադրել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը` նշելով, որ նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով: Միաժամանակ ընդգծում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ»:

Բնապահպան Կարինե Դանիելյանը նշում է, որ «Մոնսանտո»-ն էկոլոգների համար ամենաանընդունելի ընկերությունն է ամբողջ աշխարհում. «ԳՄՕ-ների մասին բոլոր հրապարակումներում խոսվում է հենց իրենց աշխատանքի մասին։ Ընկերությունը կամաց-կամաց սկսում է տիրապետել գյուղատնտեսական տարածքներին, գիտե՞ք՝ ինչպես․ այսպես կոչված՝ գենտերմինատորների գաղափար գոյություն ունի, որ սերմերի մեջ լինում է գեն, որը թույլ է տալիս, որ ցանելուց հետո մի տարի արտադրանքը լինի, հաջորդ տարվա համար սերմը հավաքում-ցանում ես, բայց բերք չի տալիս։ Դու ստիպված ես նորից դիմել այդ ընկերությանը, նորից սերմեր վերցնել»:

Հենց նույն ժամանակ ու նույն վայրում ԱՊՀ-ում «Մոնսանտո»-ում վաճառքի մենեջեր Ալեքսանդր Զվյագինցևը վստահեցնում է, որ ընկերությունը հայ գործընկերներին չի առաջարկելու աշխատել գենետիկորեն ձևափոխված մթերքի հետ։ «Այն երկրներում, որտեղ դրանք արգելված են, մենք դա չենք անում։ Օրինակ` Ռուսաստանում ու Ուկրաինայում մենք այդպիսի գործունեություն չենք ծավալում։ Դիլերների միջոցով մենք արդեն 20 տարի է` ներկայացված ենք Հայաստանում, սերմեր ենք իրացնում ու գյուղացիներին խորհրդատվություններ ենք տալիս սորտերի վերաբերյալ։ Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը օրենսդրության շրջանակում»:

Իր բողոքի նոտան հղեց նաև աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, հասարակական գործիչ Սերժ Թանկյանը, հավանաբար. «Հայաստան, խնդրում եմ, զգուշացիր։ Բավարար ապացույցներ կան, որ Monsanto-ի նյութերը թունավորում են շրջակա միջավայրը, մեղուներին սպանող նյութեր են արտադրում։ Նրանց գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքը նշանակում է, որ մաքուր օրգանիկ ապրանքների վերջը կգա»:

Հայաստանում ընկերության արտադրանքի մուտք գործելու շուրջ մեծ քննարկումներ են ընթանում տարբեր շերտերում, բոլորը դեմ են, որ Հայաստանի մաքուր մթերքը ախտոտվի թունանվոր և ԳՄՕ-ներով հարուստ պարարտանյութերով ու սերմերով, սակայն ընկերությունն արդեն 2006թ.-ից Հայաստանում է և դեռևս հայտնի չէ, թե այս 11 տարիների ընթացքում մինչև ուր են հասել «Մոնսանտո»-ի սերմերն ու թունավոր նյութերը, քանի տոննա բերք է արտադրվել և քանի մարդու օրգանիզմ է թունավորվել: Պարզ է, որ մեր երկրի իշաանությունների թողտվությամբ, ցանկացած ընկերություն կարող է մտնել շուկա և դառնալ թելադրող՝ թունավորելով հայ հասարարակությանը:

WAN