Իսպանական RTVE հեռուստաալիքի եթերում օրերս կկայանա «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի հեռուստապրեմիերան։

Այս մասին հայտնում է «Инфотека24» լրատվամիջոցը՝ վկայակոչելով ֆիլմի պրոդյուսեր, «HAYASA» մշակութային-կրթական կենտրոնի տնօրեն և հիմնադիր Տիգրան Մանասյանին։ Ֆիլմի ռեժիսորը՝ Վագա Վարդանյանը, ներկայացրել է աշխարհի հնագույն պետություններից մեկի՝ Ուրարտուի պատմությունը։

Աստվածաշնչում Ուրարտուն հիշատակվում է որպես Արարատի երկիր: Նոյի տապանը, ըստ Սուրբ գրքի, կանգ է առել հենց Ուրարտուի լեռներում՝ Արարատի վրա:

«Ուրարտուի բնակիչները տիեզերքի մասին հնագույն գիտելիքների ժառանգորդներ են եւ  շումերներին զուգահեռ զարգացած մշակույթ, տնտեսություն, աստղագիտություն եւ կրոնական կյանք ունեին… Ուրարտուի թագավորները կռվում էին Ասորեստանի դեմ եւ մ.թ.ա․ 1-ին դարում ստեղծել են Հին աշխարհի ամենամեծ տերություններից մեկը։ Քիչ ուսումնասիրված լինելու պատճառով Ուրարտուն, թերեւս, Հին աշխարհի պատմության ընթացքում ամենախորհրդավոր ու գրավիչ պետություններից մեկն է»,- ասված է ֆիլմի նկարագրությունում։

Նկարահանումներին մասնակցել են նաև պատմաբաններ, հնագետներ, հին աշխարհի պատմության մասնագետներ:

Նրանց շարքում են եղել Աշոտ Մելքոնյանը՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտից, Միխայիլ Պիոտրովսկին՝ Էրմիտաժից, Իրվինգ Ֆինկելը՝ Բրիտանական թանգարանից: