Լատվիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կազմակերպմամբ և աջակցությամբ հունիսի 11-ին ամերիկյան հանրահայտ Delos ընկերության կողմից թողարկվել  է Կոմիտաս վարդապետի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի ձայնասկավառակը՝ ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի և հոգևորականի 150-ամյակի։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից։

Ձայնասկավառակի թողարկումը եզակի է այն առումով, որ առաջին անգամ խառը օտարազգի ներկայացուցիչներից բաղկացած խումբը, Լատվիայի ռադիոյի երգչախումբը, կատարել, իսկ հետո նաև ձայնագրել է Կոմիտասի «Պատարագի» համերգային ամբողջական տարբերակը։

Նախագծի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ երեք տարի:

Ձայնասկավառակի տևողությունը 80 րոպե է,գրքույկում ներկայացված Կոմիտասի ֆոտոնկարները տրամադրվել են Երևանի Կոմիտասի թանգարանի կողմից։