ՀՀ կառավարությունը ֆինանսական միջոցներ է նախատեսել, որպեսզի Ագարակ պատմամշակութային արգելոցի տարածքում բարեկարգման աշխատանքներ կատարվեն:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը ասաց հետևյալը․ «Ագարակում պեղված շատ կարևոր հատվածներ առանձնացրել ենք: Խնդիր է դրված այդ հատվածում ապահովել համապատասխան ենթակառուցվածքներ, որպեսզի այն որպես զբոսաշրջային պրոդուկտ ներկայացվի: Աշխատանքները ենթադրում են հուշարձանների ամրակայում, անցուղիների կազմակերպում, ծածկերի կառուցում, ավտոկայանատեղիների ստեղծում և այլն»: Նրա խոսքով՝ հնավայրի բարեկարգման աշխատանքները սկիզբն են, դրանք պետք է դիտարկել մեկ մեծ ծրագրի համատեքստում, որի նպատակն է Հայաստանում ստեղծել արխեոպարկեր: Հաջորդը հնագիտական հուշարձանների վիրտուալ թանգարանի ստեղծումն է: