Սեզամ, բացվիր

(Հեղինակ` Տեր Մեսրոպ քահանա Երիցյան, Գեղարքունյաց թեմի Շորժայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ)

Արաբական հռչակավոր «Հազար ու մեկ գիշեր» հնամյա արեւելյան հեքիաթներում պատմվում է անմատչելի ժայռի վրա նշմարվող խորհրդավոր դռան մասին, որտեղ գտնվում է թանկարժեք զարդերի եւ իրերի ամբարված անսպառ գանձարանը (խազնեն):
Համաձայն հեքիաթների, որպեսզի «Հազար ու մի գիշերվա» հեքիաթների հերոսները ( այդ թվում բոլորիս քաջ հայտնի Ալի Բաբան եւ իր ժլատ անկուշտ եղբայրը ու քառասուն ավազակները) կարողանան մուտք գործել Սեզամի գանձարան պետք է իմանան եւ արտասանեն մոգական-կախարդական բառերը՝ «Սեզամ, բացվիր»: Եվ ինչպես նշվում է պատմության մեջ միայն այդ արտահայտություն-բանաձեւումից հետո «…այնժամ ժայռը կճեղքվի եւ բաց կանի իր անհամար հարստությունները…»:
Երկար ժամանակ այդ պատմությանը վերաբերում էին որպես հորինվածք, միֆական առասպելի կամ ժողովրդական զուտ հեքիաթախառն զրույցի: Սակայն 1916 թ. Առաջին Համաշխարհային Աշխարհամարտի ընթացքում, երբ ողջ Արեւմտյան Հայաստանում մոլեգնում էր հայերի ահասարսուռ Եղեռնը եւ համատարած սպանդն ու տեղահանությունները, ռուս գիտնականները ավերվող, արյան ծովում տնքող եւ մորթվող Արեւմտյան Հայաստանում ՝Վանա լճի ավազանում, Զիմզիմ (Սեզամ) ժայռից ոչ հեռու,հայտնաբերեցին ապառաժի մեջ փորված ոչ խոր որմնախորշ,որը, իրոք, նման էր դեպի ժայռի խորքը տանող խորհրդավոր դռան:
Սակայն, իրականում, ժայռի մեջ գտնվող «անհյուրընկալ» Սեզամ-Զիմզիմի դուռը չկարողացան բանալ ռուս գանձախույզ-գիտնականները, քանի որ նա մուտք իրականում չուներ:
Թեպետ «դուռը» չբացվեց, ժայռը չճեղքեց,բայց հետազոտողները, այնուամենայնիվ, գտան անգնահատելի գանձը՝ ժայռի որմնախորշում, քանի որ հայտնաբերվեց խորհրդավոր գրերով հարթ հղկված մի սալաքար` ուրարտական շրջանի արձանագրությամբ:
Երբ ռուս հետազոտող — գիտնականները վերծանեցին այդ սալաքարի արձանագրության տեքստը, պարզվեց, որ դա հզոր եւ անողոք Վանի թագավորության գահակալներից Սարդուրի Բ (Ք.Ա. 764-735 թթ.) թագավորի տարեգրությունն է՝փորագրված քարի վրա:
«….Սարդուրին ասում է՝ դուրս եկա արշավի…23 բնակավայր մեկ օրում ես գրավեցի,ամրոցներ ավերեցի, քաղաքներ հրկիզեցի,երկիրը ավերեցի եւ տղամարդկանց ու կանանց այնտեղից ես քշեցի տարա……»:
Ուշագրավ է այն փաստը որ Սեզամ-Զիմզիմը նույն Ագռավաքարն է, որը նաեւ մեզանում հայտնի է որպես Մհերի դուռ: Այստեղ Ուրարտուի երբեմնի քուրմ տիրակալներ Իշպուհինի ( Ք.Ա.825-810 թթ.) թագավորը եւ նրա որդի Մենուան ( Ք.Ա. 810-786 թթ.) ժայռի որմնախորշում փորագրել են մի քանի արձանագրություններ, ուր նշվում է թե Բիայինա երկրի անվանական իմաստով, որ աստծուն որքան եզ, այծ եւ ոչխար պետք է զոհաբերել:
Արաբական տիրապետության ընթացքում հայոց ազատագրական պայքարն արտացոլող «Սասնա ծռեր» հայկական էպոսի չորրորդ ճյուղի մեջ նկարագրված է Սասնա տան վերջին սերնդի ներկայացուցիչ Փոքր Մհերի հալածական եւ հերոսական կյանքի պատմությանը: Համաձայն էպոս- պատումի, Փոքր Մհերը Սասունցի Դավթի ու Խանդութ Խաթունի որդին է: Ամուսնությունից հետոԴավիթը մեկնում է Գյուրջիստան ( Վրաստան ) եւ յոթ տարի մնում է այնտեղ: Խանդութ Խաթունը այս ընթացքում ունենում է իրենց որդուն, ում, ի պատիվ Սասնա Դավթի հոր, կոչում է Առյուծ Ջոջ Մհերի պատվին Մհեր: Չափահաս դառնալով` Փոքր Մհերը որոշում է գտնել իր հորը: Ճանապարհին հայր եւ որդի հանդիպում են եւ չճանաչելով միմյանց` նրանք մենամարտում են իրար հետ: Սակայն կռվի ընթացքում Սասունցի Դավիթը Փոքր Մհերի բազկապանից ճանաչում է իր որդուն, բայց չի ներում նրան, որ հանդգնել էր կռվել եւ մենամարտել իր հետ եւ անիծում է որդուն՝ Փոքր Մհերին ասելով հետեւյալը.
«Անմահ ըլնես,անժառանգ…»…
Դավթի մահից հետո հորը փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ,ապա հաղթում ու պարտության է մատնում Չմշկիկ Սուլթանին` լուծելով հոր՝ Սասնա Դավթի վրեժը: Ապա դրանից հետո Փոքր Մհերը ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ,սակայն կատարվում է Սասունցի Դավթի անեծքը: Փոքր Մհերը մնում է իրոք անժառանգ: Կնոջ գեղանի Գոհարի մահից հետո հողը այլեւս չի դիմանում Մհերի ոտքերի տակ եւ քաջազուն Սասնա տան վերջին սերնդի դյուցազուն Փոքր Մհերը ձիով փակվում է Ագռավաքարի ժայռի մեջ պատգամելով ամենքիս.

«..Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր ( ծուլացել ) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա:
Որ աշխարք ավերվի,մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն..»:

Այսօր անշուշտ պահպանվում է Ագռավաքարի Մհերի դուռ համարվող ժայռը պատմական Հայաստանի առաջին մայրաքաղաք Վան-Տոսպի Սարդուրյան հռչակավոր բերդի տարածքում` որպես խոսուն վկա հայոց փառավոր անցյալի եւ հաստատակամ վերադարձի : Ուրեմն, հայացք նետելով Հայոց Մեծ Եղեռնի հարյուրամյա ոգեկոչման տարելիցի կապակցությամբ` վստահ լինենք, որ, իսկապես, վերադառնալու ենք հայոց ոստան Վան, դեպի Էրկիր` վերահաստատվելու այնտեղ, ընդմիշտ հայացնելու հողը հայրենի Ագռավաքարից ելած Փոքր Մհերի հզոր ներկայությամբ: ….Քանզի Ագռավաքարի մեջ փակված է Փոքր Մհերի մասին ավանդազրույցը, ով չի կարող պահել իր սրտի զայրույթը, թե ինչպես թուրքին մնաց իր նախնյաց տիրույթը: Ուրեմն, ազգովի առ Բարձրյալն Աստված աղոթքով ականջալուր լինենք Սասնա տան վերջին քաջազուն Փոքր Մհերի պատգամին եւ քայլ առ քայլ մեր ճիգերը գործադրենք դեպի Հարության մշտանորոգ հայրենիք:

Comments are closed.