Պատմական միջավայրի պահպանության Մարտակերտի շրջանային ծառայության պետ Ավետիք Աղաբեկյանը հայտնել է, որ շինարարական աշխատանքների ժամանակ շրջկենտրոնի Րաֆֆու փողոցում սալարկղային դամբարան է հայտնաբերվել:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը:
Նա տեղեկացրել է, որ Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ մի խումբ հնագետներ անմիջապես այցելել են պեղավայր. դամբարանի ուսումնասիրություններն ընթացքի մեջ են:
«Ասեմ, որ նման վաղ քրիստոնեական սալարկղային թաղումների Արցախում հաճախակի ենք հանդիպում: Հայտնաբերված կմաղքը մշակվելուց հետո այն կլինի Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում: Ի դեպ, այսօր մեզ հետ կրկին կապվել է Ավետիք Աղաբեկյանը և տեղեկացրել, որ նույն վայրում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ևս երկու դամբարան: Այս պահին շինաշխատանքները դադարեցված են տվյալ տարածքում. իրականացվում են ուսումնասիրություններ»,- մասնավորապես ասել է Ա. Հայրապետյանը: