Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունն իրականացնում է էքսպանսիոնիստական քաղաքականություն, իսկ կրոնական գործիչները ձգտում են վերադարձնել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Հունաստանի ԱԳ նախարարը հայտնել է Աթենքում Իսպանիայի արտգործնախարար Արանչի Գոնսալես Լայայի հետ բանակցություններից հետո:

«Մենք հարգում ենք թուրք ազգին, ինչպես հարգում ենք աշխարհի բոլոր ժողովուրդներին: Սակայն մենք միանշանակ դատապարտում ենք թուրքական կառավարության քաղաքականությունը, քանի որ ամբողջ Եվրոպան է այն դատապարտում»,- ասել է Դենդիասը:

«Եվրոպան խոսելու կարողությունը կորցրած տեսնում է, թե ինչպես է կրոնական առաջնորդը նորից նեոօսմանական թուրը ձեռքին գրավում Սուրբ Սոֆիայի տաճարը: Այնպիսի տպավորություն է, որ Թուրքիան նորից վերադառնում է 15-16-րդ դարեր»,- նշել է Հունաստանի ԱԳ նախարարը: