Կիր. Սպտ 27th, 2020

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) մշակած «սոցմեդիայի կանոնակարգմանմասին» օրենքի փաթեթի նախագիծը։ 10 հոդվածից բաղկացած փաթեթը երեկ (հուլիսի 28-ին) տեղի ունեցած քննարկումներից հետո այսօր ընդունվել է մեջլիսի լիագումար նիստում։

Նախագծով մի շարք կանոնակարգումներ է մտցվելու համացանցի թուրքական հատվածում ծառայություններ մատուցող սոցիալական ցանցերի գործունեության մեջ։

Այսուհետև ֆիզիկական անձինք ևս կարող են դիմել սոցցանցային ծառայություն մատուցողներին անթույլատրելի բովանդակության հեռացման կամ հասանելիության արգելքի պահանջով։

Այն սոցիալական ցանցերը, որոնք սահմանված ժամերի ընթացքում չեն հեռացնի դատարանի կողմից հակաօրինական ճանաչված բովանդակությամբ հրապարակումները, ստիպված կլինեն փոխհատուցել դրանից բխող վնասները։ 

Սահմանված որևէ պահանջի չկատարման դեպքում սոցցանցերի հասանելիությունը կարող է երկրում մինչև 95 տոկոսով արգելափակվել։