Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորները հուլիսին ականազերծել են 19 878 քմ տարածք:

Առաքելության սկզբից ականազերծվել է 205 087 քմ, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142 000 քմ տարածք:

 «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը:

«Մարդասիրական 5-րդ խմբի բժիշկները համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 1 713 տեղացիների: Առաքելության առաջին իսկ օրվանից՝ 15 485 հիվանդների»,- հայտնում են կենտրոնից: 

Մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրում ամեն օր շարունակվում են իրականացվել կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և վարակազերծման դեմ ուղղված միջոցառումներ: Չնայած Հալեպում պանդեմիայով պայմանավորված մի շարք սահմանափակումներին և դժվարություններին՝ մարդասիրական խումբը շարունակում է հաջողությամբ իրականացնել իր առաքելությունը: