Թուրքիայի քրիստոնյաների համար Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը եւս մեկ հարված դարձավ, գրում է Politico-ն:

Այդ քայլն անսպասելի չէր Ստամբուլում հունարենով տպագրվող միակ թերթի՝ Apoyevmatini-ի սեփականատեր Մինաս Վասիլիադիսի համար: «Սուրբ Սոֆիայի խնդիրը նոր չէ»,-նշել է նա:

Թուրքիայի քրիստոնյաները զգուշավորություն են ցուցաբերում եւ քիչ են խոսում այդ մասին: Օրինակ, Ստամբուլի հայ պատրիարքը հունիսին աջակցել է Սուրբ Սոֆիայի տաճարում պատարագների վերսկսումը, չնայած նա առաջարկել է աղոթքի համար տեղ տրամադրել ինչպես քրիստոնյաներին, այնպես էլ մուսուլմաններին:

Վասիլիադիսը եւս մանրակրկիտ ընտրել է բառերը. «Կան մարդիկ, ովքեր ծափահարում են այդ որոշմանը: Որոշումը քաղաքում ապրող քրիստոնյաներին ստիպում է ուշադիր լինել, թե ինչ են իրենք ասում, քանի որ իրենց կարող են սխալ հասկանալ»:

«Իսլամիստական եւ ազգայնական մթնոլորտը Թուրքիայի քրիստոնյաների կյանքն անհարմարավետ է դարձնում: Տաճարը մզկիթի վերածելու որոշումը լարվածություն կառաջացնի »,-ասել է Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը:

Նրա խոսքով՝ այդ որոշումը Թուրքիայի պահպանողական կառավարության կողմից վերջին ազգայնական քայլն էր:

1914 թվականին քրիստոնյաները կազմել են ժամանակակից Թուրքիայի բնակչության մոտ 20 տոկոսը, սակայն 20-րդ դարի առաջին կեսին տեղի են ունեցել զանգվածային սպանություններ, ջարդ, ներառյալ՝ 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը, ինչի հետեւանքով զոհվեց 1,5 մլն հայ՝ հիշեցնում է Politico-ն: