Առափիի մետաղական կամրջին տրվել է տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից:

Գյումրի քաղաքից Առափի համայնք տանող ավտոճանապարհի հատվածում, Ախուրյան գետի վրա ցարական Ռուսաստանի Ալեքսանդրապոլի բերդի զինվորականների կողմից, տեղացի արհեստավորների օգնությամբ 1877 թվականի ապրիլին կառուցված մետաղյա կամուրջն իր կառուցվածքով (պողպատե կոնստրուկցիա) Հայաստանում առաջինն է: 1877 թվականի ապրիլին կամրջով է անցել ռուսական բանակը և գրավել Կարսը: Այն եղել է Գյումրին Կարսին կապող ամենահուսալի ճանապարհը: Ներկայումս կամուրջը չի օգտագործվում: 1980-ականներին կամուրջի հարևանությամբ կառուցվել է նոր երկաթբետոնյա կամուրջ: