Օգոստոսի 9-ին, հայ և սովետական կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի շեմին, Վլադիվոստոկի ծովային առևտրական նավահանգստում տեղի է ունեցել տրանսօվկիանոսային բեռնատար նավերից մեկը հռչակավոր կոմպոզիտորի պատվին անվանակոչելու միջոցառումը:

Միջոցառման ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը շնորհակալություն է հայտնել կոմպոզիտորի հիշատակին նվիրված նախաձեռնության հեղինակներին:

ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Առնո Բաբաջանյանը այսօր էլ շարունակում է մնալ հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշը, իսկ նրա երաժշտական ժառանգությունը Հայաստանի, Ռուսաստանի և նախկին խորհրդային հանրապետությունների մշակութային ժառանգությունն է:

Միջոցառումը շարունակվել է համերգային ծրագրով, որում Նևելսկիի ծովային համալսարանի էստրադային նվագախումբը կատարել է Առնո Բաբաջանյանի հայտնի գործերը: