Տիգրանակերտի Չինար գավառի մոտակայքում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում ներառված և ներկայումս պեղումների փուլում գտնվող 1800-ամյա Զերզևան ամրոցի մուտքը հայտնաբերվել է: 

Շուրջ 60 ակր տարածք զբաղեցնող, 12-15 մ բարձրությամբ և 1200 մետր երկարությամբ պարսպով շրջապատված ամրոցը իր մեջ ներառում է 21 մետր բարձրությամբ դիտակետ և պաշտպանական աշտարակ, եկեղեցի, վարչական կառույց, բնակարաններ, հացահատիկի և զենքի պահեստներ, ստորգետնյա պաշտամունքի սրահ, ապաստարան, ժայռափոր դամբարաններ, ջրանցքներ և 54 ջրամբարներ: Կատարվող պեղումների շնորհիվ ամրոցը լույս է սփռում պատմության վրա:

Հռոմեական կայսրության ժամանակ որպես  «ռազմական ավան» ծառայած Զերզևանի ամրոցում արդեն  6 տարի է  իրականացվում են պեղումներ:

Ամրոցի պարիսպներում այս տարի  պեղումներն սկսվեցին առաջին անգամ, որի արդյունքում հայտնաբերվեց 1800-ամյա ամրոցի մուտքը: Պարզվում է, որ ամրոցն ունի միայն մեկ մուտք և մեկ ելք: