Օգոստոսի 17-ից ‹‹Տիգրանակերտ›› պետական պատմամշակութային արգելոցը կրկին բացելու է իր դռները զբոսաշրջիկների համար, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը.

Տիգրանակերտը հիմնադրել է Արցախում Հայոց արքա Տիգրան II Մեծը: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է և, որտեղ մինչ օրս կատարվում են հնագիտական հետազոտություններ: Պեղումների արդյունքում բացվել են քաղաքի միջնաբերդի պարիսպների մի հատվածը, պարիսպների ժայռափոր հիմքերը և կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու մի հատվածը:

Հնագիտական թանգարանում կտեսնեք Տիգրանակերտի վերջին 4 տարվա պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների որոշ մասը` մոտ 200 իր: Թանգարանի երեք դահլիճներում ցուցադրված են մ.թ.ա 5-րդ դարից մինչև մ․թ․ 17-րդ դարերը պատմական ժամանակաշրջանին պատկանող նյութական մշակույթի յուրահատուկ առարկաներ։