Արշակունիների դամբարանը, գտնվում է Արագածոտնի մարզի Աղցք (Ձորափ) գյուղում, ուր ամփոփված էին հեթանոս և քրիստոնյա հայ Արշակունի թագավորների աճյունները։ Թվագրված է 4-րդ դարի երկրորդ կեսով։ 

1973-1974 թվականներին դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձև (5 աստիճաններից բաղկացած), արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։

Ենթադրվում է, որ դամբարանը եղել է երկհարկանի՝ բաղկացած կիսագետնափոր տապանատնից և վերնահարկից (չի պահպանվել)։

Արևմտյան մուտքի երկու կողմերի և ուղղանկյուն խորշերի ճակատների քարերը հարդարված են հեթանոսական և քրիստոնեական վաղ շրջանի զարդաքանդակներով (առյուծ, շուն, եղջերու, վարազ, այծյամ, ցուլ և այլն)։ Դամբարանը հյուսիսային և հարավային կողմերում ունի որմնախորշեր, իսկ արևելքում՝ կիսաշրջանաձև խորան։

Թագավորական մասունքներ մինչև մեր օրերը չեն պահպանվել:

Արշակունիների դամբարանը կարող է դառնալ հայկական տուրիստական այցեքարտերից մեկը: