Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի նախընտրական խոստման համաձայն՝ «Արցախի Հանրապետության գյուղական և քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» ԱՀ կառավարության որոշման մեջ կատարված փոփոխությամբ հատկացվելիք 3 միլիոն դրամը դարձել է 5 միլիոն դրամ:

Այս մասին Նախագահ Հարությունյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ:

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Մոտ հինգ տարի առաջ կառավարությունը սկսել էր մի ծրագիր, որով երեք միլիոն դրամ էր անհատույց տրամադրում մեր այն երիտասարդ ընտանիքներին, որոնք գյուղական համայքներում տուն էին կառուցում:

Նշված նպատակով տրամադրվող երեք միլիոն դրամը դարձել է հինգ միլիոն դրամ:

Սահմանված տարիքային շեմը 40-ից դարձել է 50:

Կարծում եմ՝ այս փոփոխությունները կարևոր խթան կդառնան գյուղական համայնքների համաչափ զարգացման և բնակարանաշինության համար՝ բարելավելով բազմաթիվ ընտանիքների կենսապայմանները: Ուստի, մեծ ուրախությամբ ստորագրեցի կառավարության այս որոշումը»,- նշել է Ա. Հարությունյանը: