Մարտի 17-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանի սպորտի մի քանի ղեկավար պաշտոնյաներ՝ ՀԱՕԿ քարտուղար, սպորտի եւ երիտասարդության նախարար, բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, փորձում էին հիմնավորել հանրությանը, թե ինչու է պետք գնալ Բաքվի օլիմպիադային մասնակցելու:Բաքվում 2015 թ. ամռանը տեղի է ունենալու Եվրոպայի առաջին օլիմպիադան: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կայացրել է դրան մասնակցելու որոշում: Մասնակցության հիմնավորումները հիշեցնում էին գրեթե այն, ինչով եւ ինչպես փորձում էին պաշտոնական Երեւանն ու նրա ոչպաշտոնական աջակիցները հիմնավորել Հայաստանի բռնակցումը ԵՏՄ-ին: Անդամակցությունից ընդամենը երկու շաբաթ անց պարզ դարձավ, թե որքան սնանկ եւ մանիպուլյատիվ էին այդ հիմնավորումները:Այժմ գրեթե նույն կերպ փորձ է արվում հիմնավորել, իսկ իրականում արդարացնել Բաքվի օլիմպիադային մասնակցելու որոշումը: Եվ ահա, այդ հեռուստահիմնավորումից երկու օր անց հայ-ադրբեջանական սահմանում Բաքուն կատարում է հերթական հարձակումը, որը հայկական կողմից խլեց երեք կյանք, չորս զինծառայող վիրավորվեց:Օլիմպիադային մասնակցելու ՀԱՕԿ որոշումը, ըստ արդարացնողների, շատ դրական է ընկալվել միջազգային տարբեր կառույցներում, գործընկեր երկրներում: Հետաքրքիր է, իսկ այդ երկրներում ինչպե՞ս են ընկալվում հարձակումները Հայաստանի վրա, զոհերը սահմանին: Իսկ ինչպե՞ս է ՀԱՕԿ որոշումն ընկալել Ադրբեջանը: Մարտի 19-ի առավոտյան տեղի ունեցած դիվերսիան եւ զոհերը ավելորդ են դարձնում Ադրբեջանի ընկալման մասին մեկնաբանությունները:Բաքվի օլիմպիադային մասնակցելու Հայաստանի որոշումը Բաքուն փաստորեն ընկալել է սեփական իրավացիության վկայություն, ընկալել է որպես դիվանագիտական, քաղաքական հաղթանակ, այլապես գոնե մինչեւ օլիմպիադայի ավարտը ձեռնպահ կմնար Հայաստանի եւ Արցախի հանդեպ ռազմական գործողություններից:Օլիմպիադան քաղաքականություն է, ոչ միայն սպորտ: 2014 թվականի փետրվարին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիադան եւ դրա հանդեպ թե տանտեր Ռուսաստանի, թե միջազգային հանրության վերաբերմունքը դրա վառ ու թարմ վկայություն է: Քաղաքականությունն է Ալիեւին ստիպել տասնյակ եւ գուցե հարյուրավոր միլիոններ ծախսել Եվրոպայի առաջին օլիմպիադայի մայրաքաղաք դառնալու եւ օլիմպիադան կազմակերպելու համար: Հայաստանն օլիմպիադային չի մասնակցելու, Հայաստանը մասնակցելու է Ալիեւի քաղաքականությանը:Որովհետեւ մասնակցության մեջ Հայաստանի քաղաքականություն չկա: Հայաստանի քաղաքականությունը պետք է լիներ չմասնակցությունը, բայց ոչ իբրեւ ինքնանպատակ, այլ իբրեւ միջոց Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ պետական քաղաքականության հարցը միջազգային նոր ամբիոն բարձրացնելու համար: Առավել եւս, որ Հայաստանը չունի դրա համար անհրաժեշտ փաստերի ու փաստարկների պակաս:Թվում է, թե օլիմպիադային մասնակցությունը Հայաստանի ձեռքին փաստարկ է ավելացնում, ցույց տալու համար, որ Հայաստանն Ադրբեջան չէ, ու չնայած Ադրբեջանի ռազմատենչությանը, Հայաստանը կատարում է համերաշխության հերթական քայլը: Բայց համերաշխություն ինչի՞ն, համերաշխություն ու՞մ կամ ինչի՞ հետ: Մի՞թե Հայաստանն ունի միջազգային հանրության առաջ այդպիսի ցուցադրության կամ դրսեւորման, այդպիսի ակտի խնդիր: Եթե այո, եթե Հայաստանն Ադրբեջանի ամբողջ քաղաքականությամբ հանդերձ ունի այդպիսի խնդիր, եթե Հայաստանի համար այդպիսի խնդիր կա, ապա դա վկայում է Հայաստանի դիվանագիտա-քաղաքական լուրջ ձախողման մասին, որը հնարավոր չէ շտկել նույնիսկ մի քանի օլիմպիադայի մասնակցելով:Ինչ վերաբերվում է խնդրի մարզական կողմին, ապա այն չի կարող գերակայել պետական-քաղաքականի հանդեպ, որովհետեւ սպորտն է դրա մաս, ոչ թե պետությունը սպորտի: Հետեւաբար Բաքվի օլիմպիադային մասնակցության հարցը պետք է քննարկվի ոչ միայն ՀԱՕԿ, այլ պետական բարձր մակադակով:Որոշումը պետք է կայացվի այդ մակարդակով, քննարկելով խնդրի քաղաքական կողմը: Միաժամանակ, խնդրի մարզական հանգամանքների սպասարկումն էլ պետք է իրականացվի պետական համակարգի գործողություններով՝ միջազգային ասպարեզում խնդրի քննարկման անհրաժեշտության դեպքում:Իսկ եթե այդուհանդերձ Հայաստանը չի հրաժարվում մասնակցությունից անգամ այս պայմաններում, ապա մասնակցության պատասխանատվությունը պետք է կրի երկրի քաղաքական ղեկավարությունը եւ պետք է այդ պատասխանատվությունը ստանձնի հրապարակավ, չթողնելով այն մարզական կառույցների վրա:

 

http://www.lragir.am/index/arm/0/society/view/112042

Comments are closed.