Երբ Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակը թույլ չի տալիս այդ երկրին մտնել ԵՄ, սրան ի պատասխան՝ նախորդ ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կրկին հայտարարեց, որ իր երկիրն այլևս չի հետաքրքրում ԵՄ մտնելու հարցը: Գրում է Nashaarmenia.info-ն:

 

Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան պահպանում է միություն մտնելու թեկնածուի իր կարգավիճակը, հարցը երկու կողմերի համար էլ արդեն փակված է:

 

Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը՝ Քրիստոֆ Կաստաները, սեպտեմբերի 5-ին հայտարարեց, որ Թուրքիայի՝ ԵՄ մտնելու շուրջ տարվող բանակցությունները անորոշ ժամանակով դադարեցվում են:

 

Այս մասին նա հայտարարել է France Inter ռադիոկայանի եթերում:

 

«Մի բան ակնհայտ է. Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակը թույլ չի տալիս վերանայել բանակցությունների շարունակումը, հաշվի առնելով մեր ներկա դիրքորոշումները, մտքերի փոխանակումը, Թուրքիայի՝ ԵՄ-ին ինտեգրվելու ակնկալիքները»,- Կաստաների այս խոսքերը մեջբերել է  Ռիա Նովոստին:

 

Բացի այդ, Կաստաները Թուրքիայի հետ բանակցությունները, որոնք վերջին տարիներին Բրյուսելը վարել է Անկարայի հետ, որակել է որպես «ժամանակի զուր վատնում»:

 

Այս կոնտեքստում նշենք, որ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ-ն հոկտեմբերին կքննարկի Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների դադարեցման հնարավորությունները: «Տարօրինակ կլիներ, եթե մենք Եվրամիությունում Էրդողանի աչքի առաջ վիճեինք»,- Մերկելի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Թուրքիայում ընթացող զարգացումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս և Թուրքիան «արագորեն հեռանում է իրավական պետության ճանապարհից»:

 

Հարկ է նշել, որ թուրք-գերմանական հարաբերությունները վերջին երկու ամիսներին կտրուկ վատթարացան: Էրդողանը նույնիսկ օգոստոսին հայտարարեց, որ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը, և Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միավորումը Թուրքիայի «թշնամիներն են» և խորհուրդ տվեց գերմանաբնակ թուրքերին սեպտեմբերի 24-ի ընտրություններին նրանց ձայն չտալ: Իրենց հերթին Բունդեսթագի պատգամավորները առաջարկեցին սառեցնել Էրդողանի ընտանիքի անդամների արտասահմանյան հաշիվները, ինչպես նաև վիզային սանկցիաներ կիրառել Էրդողանի կառավարության անդամների վրա:

 

Ամեն դեպքում, Եվրամիության նախագահ Ֆեդերիկա Մոգերենին հայտարարեց, որ չնայած գերմանական կողմի խոսքերին, Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները շարունակվում են:

Ի դեպ, նախորդ տարի Թուրքիայի և ԵՄ որոշ երկրների հարաբերությունները նույնպես վատացան, երբ թուրքական կառավարությունը մի շարք միջոցներ ձեռնարկեց` հուլիսի 15-ի՝ ռազմական հեղաշրջման փորձին ի պատասխան: Հեղաշրջման մասնակիցների և իրավապահների բախման արդյուքնում մահացավ 240 մարդ, մի քանի հազարը վիարվորվեցին:

Անկարան հեղաշրջման փորձի մեջ մեղադրեց ԱՄՆ-ում ապաստան ստացած Ֆեթհուլլահ Գյուլենին և նրա կողմնակիցներին: Էրդողանի խոսքով՝ գյուլենականները խցկվել են ողջ պետական համակարգի մեջ և պետք է նրանցից ազատվել:

Հեղաշրջման մասնակցության կասկածանքով ավելի քան 50 հազար մարդ ձերբակալվեց, 140 հազար հոգի աշխատանքից ազատվեցին կամ հեռացվեցին, 160 լրատվամիջոց փակվեց, 2500 լրագրող գործազուրկ դարձավ:

Եվրոպան, ի սկզբանե, մտահոգություն հայտնեց մասսայական ձերբակալությունների հետ կապված: 2016թ. նոյեմբերին Եվրախորհրդի՝ Ստրասբուրգում կայացած լիագումար նստաշրջանի ընթացքում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների դադարեցման վերաբերյալ բանաձև ընդունվեց Թուրքիայի իշխանությունների գործողությունների պատճառով:

Ընդհանուր առմամբ, նույնիսկ մինչև հեղաշրջման փորձը և դրանից հետո Թուրքիայի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների խոսքերում նոր բան չկան, այս երկու երկրներն արդեն բավական երկար ժամանակ դեմ են արտահայտվում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցությանը:

Օրինակ՝ 2007թ. հունվարին Նիկոլա Սարկոզին, Ֆրանսիայի նախագահի թեկնածու լինելով, հայտարարեց, «Եվրոպան սահմաններ ունի, և ոչ բոլոր երկրները կարող են դրա լիիրավ անդամը դառնալ, հարցը վերաբերվում է նաև Թուրքիային, որը տեղ չունի ԵՄ-ում. ԵՄ-ի առանց սահմանների ընդլայնումը կհանգեցնի Եվրոպական քաղաքական միության փլուզմանը»:

Նշենք, որ Թուրքիան արդեն 30 տարուց ավել հանդիսանում է ԵՄ անդամակցության թեկնածու (հայտը ներկաայցրել է դեռևս 1987թ., բայց թեկնածուի կարգավիճակ ստացել է միայն 1999թ. Հելսինկիի գագաթաժողովից ժամանակ): Բրյուսելի 2004թ. գագաթաժողովից հետո Եվրախորհուրդը հայտարարեց Թուրքիայի անդամակցության համար ուղղված բանակցությունների սկսման պաշտոնական ժամկետները՝ 2005թ. հոկտեմբերի 3: Դրանից հետո թուրքական կողմը, իրոք, բազմիցս է գնացել զիջումների, փոխել օրենսդրությունը, դատական համակարգը և այլ կառույցներ՝ համապատասխանեցնելով եվրոպական ստանդարտներին՝ այսպես ասած, Կոպենհագենյան չափանիշներին: Այս իմաստով՝ Թուրքիան մեծ առաջընթաց արձանագրեց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

 

Այնուամենայնիվ, անդամակցության ընդդիմախոսները ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի գրեթե 80մլն հասնող բնակչությունը եվրոպական ներկայացուցչություններում կփոխի իշխանության հավասարակշռությունը:

Ըստ նրանց՝ անդամակցելով ԵՄ-ին՝ Թուրքիան դառնում է միության ամենաբնակեցված երկիրը Գերմանիայից հետո: Որոշներն էլ ընդդիմանում են մուսուլմանական երկրների անդամակցությանը:

Այս տարվա ապրիլին Էրդողանը հայտարարեց, որ հենց դա է պատճառը, որ ԵՄ-ն չի շտապում Թուրքիայի անդամակցության հարցում, իսկ կառույցը կոչեց քրիստոնեական:

 

Մյուս կողմից էլ Թուրքիայի անդամակցության կողմնակիցները պնդում են, որ տարածաշրջանում կարևոր ուժ հանդիսացող, հսկայակական տնտեսություն ունեցող, ՆԱՏՕ-ի կազմում եղած երկրներից իր ԶՈՒ-ի չափով երկրորդը լինելով, Թուրքիան կամրապնդի աշխարհաքաղաքական խաղացողի ԵՄ դերակատարությունը: Բացի այդ, նրանց կարծիքով Թուրքիան կնպաստի Միջերկրական և Սև ծովերի արևելյան մասերի կայունացմանը:

 

Բայց 2015թ.-ին Էրդողանը հայտարարեց, որ իր երկրին չի հետաքրքրում ԵՄ անդամակցության հարցը: Դրանից հետո ոչ միայն Էրդողանը, այլև իր ներկայացոււցիչները բազմից են հնչեցրել այդ տեսակետը: Վերջին անգամ Էրդողանն այդ մասին խոսեց BBC-ին տված հարցազրույցի ժամանակ: Էրդողանի խոսքով՝ ԵՄ-ն Թուրքիայից միայն ժամանակ է խլում և Բրյուսելը վաղուց պետք է ասի. «Մենք չենք կարող ձեզ ընդունել Եվրամիությունում»: Էրդողանը նաև հայտարարեց, որ Թուրքիան ի վիճակի է սեփական ոտքերի վրա կանգնել, ինչպես նաև երկրի բնակչության մեծամասնությունը չի էլ ցանկանում անդամակցել ԵՄ-ին և համարում են ԵՄ-ի վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ ոչ անկեղծ:

http://www.nashaarmenia.info/2017/11/20/%D1%87%D0%BB%D0%B5%D0%BD%D1%8B-%D0%BD%D0%B0%D1%82%D0%BE-%D0%BD%D0%B5-%D0%BF%D1%80%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B0%D1%8E%D1%82-%D0%B3%D1%80%D0%B0%D0%BD%D0%B8%D1%86%D1%8B-%D1%82%D1%83%D1%80%D1%86%D0%B8%D0%B8/