«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը մեկնարկել է Բերդում՝ «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, որին հաջորդել է բանաստեղծուհի, հրապարակախոս Անուշ Նագգաշյանի հեղինակային «Երուսաղէմէն՝ Տաւուշ. ծանոթանանք Հայ Երուսաղեմին» ծրագրի ցուցադրումը, որը պատրաստել էր Ղևոնդ Վարդապետ Հովհաննիսյանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նագգաշյանն իր ելույթի ժամանակ նշել է, որ այն Երուսաղեմի կյանքի մասին է, և ընդգրկել են նաև Հայ երիտասարդաց միության ամառային դպրոցը, որի ժամանակ տեղի ունեցան տավուշյան դեպքերը։

«Բոլորս մեր տներում նստած կարող ենք լսել, խոսել այդ ամենի մասին, բայց երբ դու մանկավարժ ես, պետք է ապագա սերնդին փոխանցես գիտելիքներ, քանի որ, երբ նրանք մեծանան, դժվար թե մոռանան սովորածը։ Հայրեասիրությունը հենց փոքր տարիքից պետք է թրծել երեխաների մեջ, և այս պատճառով որոշեցինք հաղորդում պատրաստել այս թեմայով, որպեսզի փոքրերի մեջ հայրենսիրությունն ավելի ամրացնենք։ Կարծում եմ, որ նրանք ոչ միայն ամառները պետք է գնան վայելեն հայրենիքը, այլ այնտեղ կատարվող ամեն մի իրադարձությունով ապրեն։ Եթե մենք ուզում ենք հայ մնալ, ապա մեզ պետք է հետաքրքիր լինի այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, իսկ Տավուշի վրա հարձակումը, ԼՂ-ի վրա հարձակումը և մեր զոհերը, որ եղան մեծ ցավ է բոլորիս համար։ Որոշեցինք այս հաղորդումը նվիրել հայ զինվորներին, որ նրանք իմանան, որ Հայաստանից դուրս հայերը, և ոչ միայն իրենց բարեկամներն ու ընկերները, այլ բոլորն աղոթքներում հիշում են իրենց», — ասել է Անուշ Նագգաշյանը և հավելել, որ իր համար շատ հուզիչ է, որ «Ֆրեսկո»-ի շրջանակներում առաջինը հենց Տավուշում է ցուցադրվել հաղորդաշարը։

Անուշ Նագգաշյանի խոսքով՝ Երուսաղեմը չնայած, որ հարուստ գաղութ է՝ կա հայկական դպրոց, եկեղեցի, գրադարաններ,բայց մի տեսակ մեկուսացած է այն առումով, որ այստեղ մնացած քիչ հայերը ամեն բանի ներկա են գտնվում, բայց այստեղ արվեստագետը առիթ չունի բացվելու և ավելի ճանաչվելու։ «Բարեբախտաբար, հայրենիքը մեզ տալիս է ճանաչվելու հնարավորություն, և մտածեցինք այս հաղորդման մեջ մեր հայ արվեստագետները ևս իրենց մասնակցությունն ունենան։ Դժվար գործը Հայր Ղևոնդինն է, ով ժամերով պատրաստում է այս հաղորդաշարը։ Հաղորդման հիմնական ասելիքն այն է, որ սփյուռքը չի կարող հեռու մնալ հայրենիքից։ Սփյուռքում մեծացող փոքրիկն էլ պետք է չմոռանա, որ այնտեղ կա թշնամի, որը խոչընդտում է մեր կյանքի ընթացքը, մեր քունն է խանգարում՝ արցունք բերելով մայրերին, քույրերին և բոլորին։ Հայրենիքը և սփյուռքը պետք է միասին գործեն»,-նշել է Անուշ Նագգաշյանը։

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնն անցկացվում է օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը։ Փառատոնի երևանյան ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 24-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը հենց Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Ծրագրում կներառվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային կատարումներ և առցանց հանդիպումներ: Փառատոնի ընթացքում կլինեն սպասված համերգներ՝ օգոստոսի 28-ին՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգը, օգոստոսի 30-ին ելույթ կունենան Ջիվան Գասպարյանը և իր ընկերները:

Փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավել հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ:

Փառատոնն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ և Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:

https://armenpress.am/arm/news/1025671/