Պատմության խնայած փաստերը ուսումնասիրողներին դրդել են իրար կողքի դնելու այս անունները: Գրող Կոստան Զարյանի նոթերը մի փորձ են հիմնավոր քննության առնելու հարցը: Այս առիթով է ահա, որ մենք կրկին իրար կողքի ենք դնում` Լեոնարդո դա Վինչին և Հայաստանը:
Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են արվեստով, ճանաչում են Լեոնարդո դա Վինչիին, որի հանճարը ոչ միայն տիրապետում էր XV դարի իտալական վերածննդյան շրջանը, այլ նաև արվեստի և գիտության բոլոր շրջանները:
Նա նման էր հստակ ու զգայուն մի հայելիի, որի մեջ արտացոլվում էին կյանքի ամենաբարդ երևույթները: Նրա սուր միտքը` խոր, տրամաբանական, հանդուգն, խուզարկում էր մարդկային մարմնի և հոգու գաղտնիքները: Նա մշտապես լարված հետաքրքրություն էր, բարդ զգայնություն, որ թրթռում էր բոլոր այն ապրումների հետ, որոնք շարժում են մարդկային սիրտը:
Լեոնարդոն իսկապես հանելուկային մարդ է:
Եվ ահա ծագում է մեզ հետաքրքրող հարցը. եղե՞լ է նա Հայաստանում, ինչպես նա մեզ հավատացնում է:
Նախ քննենք ձեռագրերի վիճակը: Լուրջ և ամենայն հավատքի արժանի վկաներ, ինչպես, օրինակ` Արագոնի կարդինալի քարտուղարն է, վկայում է, որ Լեոնարդոյին Կլոում այցելելու ժամանակ նա տեսավ «մի անվերջանալի հատորների թիվ, ամբողջովին գրված ռամիկ լեզվով»: Ինքը` Լեոնարդոն, խոսում էր 120 գրքերից կազմված ձեռագիրների մասին, որոնցից դժբախտաբար մեզ հասել է միայն կեսը, դա էլ բոլորովին անկատար վիճակում: Գանք ուղղակի այն էջերին, որոնք գտնվում են Ատլանտյան մատյանի մեջ և պարունակում են հռչակավոր «Հայկական նամակները»:
Իր կյանքի այդ շրջանում նա թափառել է մի տեղից ուրիշ տեղ` միշտ որոնելով մի վայր, մի երկիր, ուր նրան հնարավորություն տրվեր իրագործելու իր բազմաթիվ ծրագիրները: Նա պիտի նախընտրեր մեկնել հեռավոր մի երկիր:
Եվ երբ որոշեց մեկնել մի հեռավոր երկիր, հարց է ծագում, ինչու նա ընտրեց Հայաստանը, Էրմենիա, ինչպես ինքը գրում է: Չէ՞ որ այլևս անկախ չէր և Կիլիկյան մասը անցել էր Եգիպտոսին: Եվ սակայն ամբողջ իր գրվածքի մեջ նա միշտ շեշտում է Էրմենիա անունը և անտեսում Եգիպտոսի անունը:
Հարցն այն է (և որ օտար քննադատներն այդ ամբողոջվին անտեսել են), որ հայերը Ֆլորենցիայում շատ ավելի մեծ ժողովրդականություն էին վայելում, քան առհասարակ կարծվում է:
Նախ, Ֆլորենցիան տիրապետող այն գեղեցիկ բլուրը, որի վրա կանգնած է մի սքանչելի բազիլիկ, և ուր ինքը Լեոնարդոն սիրում էր ժամերով նստել և դիտել բնության երևույթները, կրում էր Սան Մինիատո անունը:
Այնտեղ Լեոնարդոն հանդիպում էր եկեղեցու հետևում գտնվող վանքի հայ վարդապետներին, որոնք, ըստ հայր Լուգանոյի, հայեր էին, որոնք պատմում էին ստիպողական կերպով լքած հայրենիքի մասին, նրա դժբախտությունների, բարքերի և գեղեցկությունների մասին և նաև այն պայքարի մասին, որ իրենց ժողովուրդը մղել էր հավատքը պաշտպանելու համար: Բացի դրանից, հայերին կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի: Չէ՞ որ հայերը Իտալիայում կառուցել էին մոտ 34 եկեղեցի և վանք և տվել էին այդ երկրին 11 սուրբ: Այո՛, անկասկած Լեոնարդոն ճանաչում էր հայերին:
Իր ձեռագրում` «Հայկական նամակներ» անվանված հատվածում, կից լեռնային տեսարանի գծագրություն է, որ երևի կոչված է լուսաբանելու իր գրվածքը: Էջի աջ կողմում` մի շարք կարճ նախադասություններ «Գրքի բաժանումը» տիտղոսի տակ: Այստեղ հանդիպում ենք նշանակալից մի կետի. Լենարդոն Հայաստանից ստացած ամբողջ տպավորությունները, ապրումները, չարչարանքները մտադիր է վերածելու մի գրքի, որի մեջ հայ ժողովրդի տանջանքները պիտի պաստառ ծառաեին մի հսկայական կրոնափիլիսոփայական, գրեթե բիբլիական աշխարհհայացքի: Այստեղ նա պիտի բացատրեր հայ ժողովրդի չարչարանքների պատճառները և մեծ պատկերացումներով նկարագրեր նրա ողբերգությունը:
Առհասարակ, նրա տված տեղեկությունները պարզ են ու անմիջական, և կասկած չկա, որ դրանք անձնական փորձառության արդյունք են: «Իմ նամակներիս միջոցով ես ձեզ ծանոթացրել եմ այստեղի անցուդարձերի մասին և հիմա էլ զգում եմ, որ չպետք է լռությամբ անցնել այն դեպքերը, որ տեղի են ունեցել այս վերջին օրերին»: Նա նկարագրում է այն անել վիճակի մասին, որի մեջ ընկել է տեղական բնակիչների հետ միասին: Վիճակն այնքան հուսահատեցնող է, որ նրանք «նախանձում էին մեռելներին»: Նա գրում է. «Երբեք այն ժամանակներից ի վեր, որ տարրերը կազմել են աշխարհը, նրանց հզորությունը և կատաղությունը այդպիսի ավերներ չէր ցանել»:
«Նախ մենք հարձակման և բռնության ենթարկվեցինք զորավոր և կատաղի քամիների կողմից և կարծես դա չէր բավի, ձյունամրրիկներ լցրին հովիտը, քանդեցին քաղաքի մեծ մասը և դեռ ավելի` ջրհեղեղը ծածկեց քաղաքի վարի մասը: …Եվ վերջապես դրան հաջորդեց մի հսկայական հրդեհ, ոչ միայն քամիների պատճառով, բայց և նաև մոտ 30 000 սրիկաների պատճառով, որոնք քարուքանդ արին երկիրը և շարունակում են քանդել: Սակավաթիվ վերապրողներ այնպիսի հուսահատական վիճակում են, այնպիսի սարսափի մեջ, որ ինչպես ապշածներ` հազիվ համարձակվում են մեկի հետ խոսել: Ամեն ինչ թողած, մեկ մեկի կպած ապաստանել են եկեղեցիների ավերակներում… Եվ եթե չլինեին նրանք, որ առաջ մեր թշնամիներն էին, մենք կմեռնեինք անոթությունից»:
Դա ականատեսի ցնցող և հուզիչ, միանգամայն ճշմարիտ նկարագրությունն է հայկական ջարդի: Եթե նա իր սեփական աչքերով տեսած չլիներ այդ սարսափները` իբրև հեռավոր-օտարական, երևակայել իսկ չպիտի կարողանար այդ ողբերգությունը: Պարզ և ճշգրիտ այդ նկարագրության ընկերանում են նույնքան ճշգրիտ և ռեալիստական նկարագրություններ: Ուղտեր, որոնց միջոցով բնակիչներն անցնում են գետը և երեք հայերի գլուխներ: Եվ նաև ճարտարապետական գծագրություններ:
Դա Վինչիի Կիլիկյան ճամփորդությունը հաստատող ուրիշ բազմաթիվ փաստեր կան:
Երբ, օրինակի համար, նա նկարագրում է հեռվից դիտված Կիպրոսը` «Ոսկե Վեներայի այդ աշխարհը» և խոսում է բազմաթիվ նավաբեկությունների մասին, որ տեղի են ունեցել կղզու վտանգավոր ժայռերի մոտ:
Ուրիշ մի կարևոր հարց ևս. Լեոնարդոն նկարչական գույների մասին խոսելիս գործ է ածում տերրա Արմենա գույնը, որ մութ դեղնավուն է կամ բաց շագանակագույնը, որ ուրիշները երբեք չեն գործածել:
Պետք է ենթադրել, որ այդ գույնը հայկական հողի գույնն է. Լեոնարդոն ինքն էր Հայաստանից բերել: Հարց է ծագում. ինչո՞ւ է դա Վինչիի Հայաստան կատարած ուղևորության փաստը հերքվում արևմտյան և հատկապես իտալական պատմաբանների կողմից: Գուցե այն պատճառով, որ հերքելով Լեոնարդոյի ուղևորությունը` նրանք փորձում են հերքել նաև նրա վրա հայկական ճարտարապետության որոշակի ազդեցությունը:
«Իտալիային վիճակված էր,-ասում է հայտնի ավստրիացի պատմաբան Ստրժիգովսկին իր «Քրիստոնեական եկեղեցու ծագումը» գրքում,- Եվրոպային կրկնակի ծանոթացնել արևելաարիական գմբեթին…Վերածնունդին վիճակված էր ընդունել հայկական պարզ գմբեթի էական առավելությունը և երկար ժամանակով նրան տեղ տալ եվրոպական ճարտարապետության մեջ»: Գոթական ոճով կառուցված ֆլորենտական մայր տաճարը տասնյակ տարիներ առանց գմբեթի է մնացել, այն կարողացավ ծածկել Բրունելլեսկին` միայն հայկական ոճին ու տեխնիկային դիմելով:«Դիտարկելով այն արևմուտքից ու ներսից,- ասում է պատմաբանը,- մարդը կարող է մտածել, որ այն կառուցել է հայ ճարտարապետը: Երբ ավելի ուշ նույն Բրունելլեսկին կառուցեց Պացիներիի ժամատունը, նա կրկին կիրառեց այն ձևերը, որոնք հանդիսանում են հայ ճարտարապետության առանձնահատկությունը: Նրա Սանտա Մարիա եկեղեցու հատակագիծը նույնպես կառուցված է հայկական ոճով:
Ծանոթանալով Լեոնարդոյի` Հայաստանից բերած ուրվանկարներին, համոզվում ես, որ նա առաջինն է ընդունել ու կիրառել գմբեթների կառուցման այդ ձևը, չնայած նա կիրառել է այն ոչ թե եկեղեցիներում, այլ ուրիշ կառույցներում: Այդ նրա ազդեցությամբ է, որ Բրամանտեն թողել է գոթական ոճն ու ընդունել հայ ճարտարապետության սկզբունքները, որոնք հետագայում նոր ուղղություն տվեցին Սբ Պետրոս տաճարի կառուցման ժամանակ: Բրամանտեի հանդիպումն ու համագործակցությունը Լեոնարդոյի հետ, որ եկել էր արևելքից ու բերել հայկական եկեղեցիների գծագրերը, կարծես ճակատագրով կանխորոշված լիներ: Բրամանտեն կիրառեց հայկական ճարտարապետության սկզբունքները: Սան Սատիրո եկեղեցին կարող է դրա վառ վկայությունը լինել:
Լեոնարդոյի «Հայկական նամակներն» ու գծագրերը բերված փաստերի հիման վրա հնարավորություն են տալիս եզրակացնելու` այո, Լոենարդո դա Վինչին եղել է Հայաստանում:
http://www.aniv.ru/archive/31/leonardo-da-vinchi-i-armenija-kostan-zarjan/