«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում է, որ օգոստոսի 29-ին, ժամը՝ 22:30 Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի կունենա արտակարգ համերգ՝ «Քեզ համար Լիբանան» խորագրով։

«Սիրելի հայրենակիցներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, դեռևս օգոստոսի 6-ին նախաձեռնել է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» խորագրով դրամահավաք-արշավ, որի ողջ հասույթն ուղղվում է պայթյունից տուժած Լիբանանի հայ կրթական հաստատություններին։

Համերգը ուղիղ կհեռարձակվի նաև Հիմնադրամի ֆեյսբուքյան էջով ։

Համերգի ընթացքում կատարումներով հանդես կգան հայտնի երգիչներ, կլինեն հատուկ ռեպորտաժներ Բեյրութից, կոչով հանդես կգան ՀՀ նախագահ և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը և այլոք։ Այս կարևոր ձեռնարկին կարող եք միանալ կայքի առցանց նվիրաբերությունների հարթակում կամ փոխանցումներ իրականացնել ՀՀ կենտրոնական բանկում հատուկ այս նպատակով բացված հաշվեհամարներին՝ այդպիսով ձեր աջակցությունն ու համերաշխությունը հայտնելով Լիբանանի մեր հայրենակիցներին։

Լիբանանահայությունը մշտապես ամուր կանգնած է եղել Հայաստանի, Արցախի, ինչպես նաև սփյուռքի հայ համայնքներին թիկունքին։ Այժմ մեր հերթն է զորավիգ լինել ծանր դրության մեջ հայտնված մեր քույրներին և եղբայրներին»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։