Օգոստոսի 28-ին Սարդարապատում կայացել է տավուշյան մարտերում աչքի ընկած մի խումբ զինծառայողների Հայաստանի բարձրագույն պարգեւներ շնորհելու արարողությունը։ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, որն օսմանյան բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած փառապանծ հաղթանակի խորհրդանիշն է, այսօր հավաքվել ենք բացառիկ առիթով», – իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արարողությանը ներկա էր նաեւ Արցախի նախագահը, որն արդեն հաջորդ առավոտյան Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Ստեփանակերտի օդանավակայանում։ Սարդարապատից, որտեղ օսմանյան բանակի նկատմամբ փառապանծ հաղթանակն է եղել, դեպի Արցախ ուղին, որը հանդիսանում է թուրքական «քարտեզի» փոփոխության մարմնացումը, պատահական չի ընտրվել։

Թուրքիան չի թաքցնում, որ իր գլխավոր նպատակը նոր «Սեւր» թույլ չտալն է։ Թուրք պաշտոնաթող ծովակալ Ջեմ Գյուրդենբիզը, մեկնաբանելով Արեւելյան Միջերկրականի զարգացումները, խոստովանել է, որ «Թուրքիայի դեմ դուրս են եկել Սևրի քարտեզով, որը ենթադրում է Թուրքիային հետ հրել, սեղմել Անատոլիայի սահմաններից ներս»։

«Այդ քարտեզը մեզ ստիպում է Էգեյան ծովն ամբողջությամբ որպես հունական ծով ընդունել, Արևելյան Միջերկրականում մեզ Իսքենդերունի ու Անթալիայի ծովածոցերում է բանտարկում, արևմուտքում՝ մեր տարածքային ջրերում»,- նշել է Գյուրդենիզը՝ ավելացնելով, որ Անկարան 2000-ականների սկզբից դեմ է դուրս եկել ու մարտահրավեր է նետում այդ քարտեզին։

«Թուրքիան դրան դիմադրում է, ստիպված է դիմադրել, քանի որ եթե դիմադրությունը կոտրվի, մենք դեմ հանդիման կմնանք 2-րդ Սևրի հետ»,- ասել է Գյուրդենիզը։

100 տարի առաջ գծվեցին ներկայիս Թուրքիայի սահմանները, որը չնայած Առաջին համաշխարհային պատերազմում պարտությանը, պայմանագիր ստորագրելով Ռուսաստանի հետ ու ստանալով Արեւմուտքի մի շարք պետությունների աջակցությունը, կարողացավ խուսափել Սեւրի պայմանագրից։ Բայց քարտեզի ժամկետներն ավարտվում են, Թուրքիան փորձում է ռազմական ուժով գտնել իր տեղը նոր աշխարհակարգում։

«Թուրքիան Լիբիայում, Կիպրոսում ռազմաբազա է հիմնում։ Ամեն երկիր էլ ցանկանում է բանակցությունների սեղանին նստելուց առաջ ուժեղ լինել։ Թուրքիան հենց այդ էլ անում է»,- եզրափակել է թուրք ծովակալը, որի խոսքը մեջբերում է ermenihaber.am-ը։

Հայաստանին հարկ է լինելու գործ ունենալ Թուրքիայի հետ։ 30 տարի առաջ Արցախի հաղթանակը եւ Հայաստանի անկախությունը վերադարձ են «Սեւրին»։

Թուրքիան փորձում է «գույքագրել» իր հողերը, որոնք կարելի է պահել։ Արեւելյան Միջերկրականում ագրեսիվությունը վկայում է, որ Անկարան հասկանում է՝ գալիս Կիպրոսի օկուպացիայի վերջը։ Իսկ Ադրբեջանի անթաքույց կլանումը վկայում է, որ Թուրքիան կառչած է իր «քարտեզի» վերջին կտորներից։

Վերջերս Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը Վայոց ձորից դեպի Արարատ նայող լուսանկար հրապարակեց։ Նա գրել էր, որ լուսանկարում չորս պետությունների սահմաններ են։ Քարտեզը, որը Թուրքիան 100 տարի առաջ գծել է տարածաշրջանում, սպառել է իրեն։