Նախիջևանում ադրբեջանական բանակի զորավարժությունները խոշորագույն սադրանք են, որոնք ուղղված են ամբողջ տարածաշրջանի անվտանգության դեմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
«Այդ զորավարժություններն ուղղված են ոչ միայն Հայաստանի կամ Արցախի անվտանգության, այլ ամբողջ տարածաշրջանի՝ Իրանի, Հայաստանի-Իրան հարաբերությունների, Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի դեմ: Հասկանալի է նաև, որ Նախիջևանի տարածքում անցկացվող ցանկացած զորավարժությունում իր մասնակցությունն ունի Թուրքիան: Բացի այն, որ այստեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվում, Ադրբեջանը կարողանում է ինչ-որ բան տեղափոխել Նախիջևան հենց Թուրքիայով»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-20-ին ադրբեջանական բանակի հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում վարժանքներ էին արել Ադրբեջանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները, Նախիջևանի առանձին համազորային բանակը և Ադրբեջանի ՊՆ 1-ին, 2-րդ և 3-րդ բանակային կորպուսները: Զորավարժության Նախիջևանի փուլն անցկացվել է հակահարձակողական սցենարով, իսկ վարժանքներին ներգրավված են եղել «Սմերչ», «Գրադ», T-122 «Սաքարյա» համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ և այլ զինտեխնիկա:
Սերգեյ Շաքարյանցի խոսքով՝ Նախիջևանի զորավարժություններն ինչ-որ չափով քարոզչական նշանակություն ունեն: Սրանով Ադրբեջանը ներքին լսարանին փորձում է ցույց տալ, որ իրենցն աշխարհի լավագույն բանակներից մեկն է, իսկ արտաքին լսարանի մասով՝ զորավարժությունները հարևան երկրներին, մասնավորապես՝ Հայաստանին և Իրանին, վախեցնելու նպատակ ունեն:
Քաղաքագետը, սակայն, չի բացառում, որ ադրբեջանական բանակը Նախիջևանի զորավարժություններից հետո կարող է դիմել ինչ-որ ռազմական գործողությունների:
«Քանի որ մեր թշնամին անկառավարելի է, ապա մենք պարտավոր ենք սպասել ցանկացած ուղղությունից սադրանքներ՝ թե՛ Նախիջևանի, թե՛ Տավուշի, թե՛ Արցախի: Մենք ցանկացած ուղղությունից պետք է սպասենք և՛ սադրանքներ, և՛ դիվերսիաներ: Ընդ որում, Նախիջևանի տարածքը ոչ միայն ադրբեջանական զորքերով է լցված, այլ այնտեղ արդեն թուրքական զորամասեր են տեղակայված, որոնք իրար փոխարինելով մտնում են, դուրս են գալիս»,- հայտնեց նա:
Սերգեյ Շաքարյանցի կարծիքով՝ հնարավոր է, որ այս զորավարժությունները կապ ունենան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու և Երևան այցերի հետ: Բայց, ըստ նրա՝ ավելի հավանական է, որ զորավարժությունները հաջորդած լինեն նոյեմբերի 13-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպմանը:
«Լավրովի այցերը նախապես հայտարարված են եղել, գաղտնիք չի եղել որևէ մեկի համար, և կարելի է փոխկապել դրա հետ, բայց Էրդողանի Սոչի այցն ավելի շատ կապ ունի այս հարցում: Գիտենք, որ Էրդողանի այցը տապալվել է, նա ոչ մի հարց էլ չլուծեց: Նույն էլ Լավրովի Բաքու այցի դեպքում էր, որովհետև նա էլ Ադրբեջանի ոչ մի առաջարկություն չընդունեց: Ադրբեջանի ջանքերն ուղղված էին Թուրքիային Մինսկի խմբի համանախագահ երկիր դարձնելուն, բայց Լավրովը բացահայտ ասեց, որ համանախագահող մյուս երկրները չեն ընդունի նրան»,- նշեց Սերգեյ Շաքարյանցը:
Նրա տեղեկացմամբ՝ համանախագահող երկրների վերաբերյալ Լավրովի կտրուկ պատասխանը այնպիսի դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում, որ նրանք Արցախի նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի հետ կապված Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին են կանչել ԱԳՆ և բողոք ներկայացրել: Ընդ որում, Բակո Սահակյանի Ֆրանսիա այցը ոչ թե պաշտոնական էր, այլ մասնավոր: