Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին:

Երկրի ղեկավարը հետաքրքրվել է ընկերության կողմից նոր ներդրումների ընթացքով՝ նշելով, որ կապի եւ տեխնոլոգիաների զարգացման գործում դրանք էական նշանակություն ունեն: Հանրապետության նախագահի խոսքով՝ հատկապես շարժական համացանցի արագության բարձրացումը, ինչպես նաեւ սակագների վերանայումը, մեծապես փոխելու են ոչ միայն հանրային տրամադրությունները, այլեւ իրենց դրական ազդեցությունն են թողնելու Արցախի ներդրումային դաշտի գրավչության վրա:

Գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ բարձր արագությամբ 3G կապն արդեն իսկ հասանելի է մայրաքաղաքում եւ Շուշիում, առաջիկա օրերին էլ հասանելի կդառնա մնացած խոշոր բնակավայրերում: 

Մինչեւ 2022թ.-ը էականորեն նվազելու են մատուցվող ծառայությունների սակագները. արդեն հունվարի 1-ից կլինի առաջին շոշափելի վերանայումը: