«Երևան ջազ ֆեստը», որը մշտապես իր շուրջն է համախմբում ոչ միայն հայ, այլև օտարերկրացի ականավոր ջազմենների, սեպտեմբերի 13-ին կմեկնարկի Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն նշել է, որ նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են, մնում է լուծել տեխնիկական հարցերը:

Խոսելով փառատոնի բացումը Տավուշում անցկացնելու մասին՝ Մովսեսյանը հիշեցրեց՝ առաջին տարին չէ, որ Երևանից դուրս են կազմակերպում միջոցառումը: Փառատոնը մի քանի անգամ իրականացվել է Գյումրիում, հետագայում նաև Շուշիում: «Մեզ համար գեղեցիկ ավանդույթ է դարձել «Երևան ջազ ֆեստը» Երևանից բացի այլ քաղաքներում և Արցախում անցկացնելը: Կարևորում ենք, որ մեր մարզերում մշակութային կյանքը զարգանա, ակտիվանա: Պետք է ավելի շատ համերգներ կազմակերպել սահամանամերձ մարզերում»,-շեշտեց ասոցիացիայի նախագահը: Միջազգային փառատոնն անցկացվում է արդեն 6-րդ անգամ։