Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկել է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին: Սեպտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը․ գրում է ՏԱՍՍ-ը:

«Այդպիսով՝ հունական կողմին հնարավորություն է ընձեռվել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկելու Թուրքիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամի ապօրինի եւ սադրիչ գործողությունների մասին՝ ի վնաս ոչ միայն Հունաստանի, այլեւ հենց դաշինքի թե՛ անվտանգության եւ թե՛ համախմբվածության: Հանգամանորեն ներկայացվել են Թուրքիայի սադրիչ գործողությունները Եգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրականում»,- ասել է կաբինետի ներկայացուցիչը:

ՆԱՏՕ-ն փորձում է հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերել իր անդամներ Հունաստանի եւ Թուրքիայի նկատմամբ՝ նրանց ապաԷսկալացիայի եւ երկխոսության կոչ անելով: Դաշինքը կարծում է, որ երկու երկրներն էլ պետք է իրենց ռազմանավերը հեռացնեն «վիճելի գոտուց»:. Հունաստանը դա ընկալում է որպես Թուրքիայի դիրքորոշման միանշանակ պաշտպանություն: