Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով եղել է Շահումյանի և Մարտակերտի շրջաններում:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը հետևել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց Քարվաճառ տանող 17 կմ երկարությամբ ավտոճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքների մեկնարկին, հետաքրքրվել գործընթացի կազմակերպմամբ, տեղում տվել մի շարք հանձնարարականներ: Նախագահ Հարությունյանը նշել է, որ Քարվաճառ քաղաքի ու Շահումյանի շրջանի զարգացումը կառավարության համար ռազմավարական նշանակության խնդիր է, և առաջիկա տարիներին շարունակելու են նոր ներդրումներ ուղղել տարածաշրջանի ամբողջ պոտենցիալն իրացնելու համար:

Արայիկ Հարությունյանի այցելության հաջորդ վայրը Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր բնակավայրն էր, որտեղ շահագործման է հանձնվել համայնքը մայրուղուն կապող 3,2 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհը: