Նրանք նախապապերի Էրգրից հող ու ջուր են բերել Ջավախք… Ջավախքում ապրող ճանաչված լրագրող, մանկավարժ-բանահավաք Ալբերտ Իսոյանի հրատարակած տասնյակ գրքերի շարքում առանձնանում է «Ուխտագնացություն դեպի Էրգիր» պատկերազարդ գիրք-ալբոմը, որում ներկայացված է մի խումբ կարոտյալ հայերի ուխտագնացությունը Հայոց Էրգիր՝ Արեւմտյան Հայաստան: «Ուխտագնացության» հեղինակը մեր զրույցի ժամանակ հուզախռով պատմում էր. «Նախապապերիս ծննդավայրում (Էրզրումի Ջինիս, Սոգյութլու շեներում) հանդիպել եմ այն մարդկանց, ովքեր այսօր ապրում են հենց այն հին` արդեն քանդվող քարաշեն տներում, որոնք կառուցվել են իմ ազգականների` Իսոյան տոհմի նախապապիս ու նրա եղբոր ձեռքերով: Ես ջուր խմելու պատրվակով թակեցի դուռը: Թուրք տանտիրոջ հետ դուրս թափվեցին, ինչպես ասում են` «մի տուն լիքը» մանուկներ: Մեհեդի էր տանտիրոջ անունը: Նա արդեն տեղյակ էր մեր` իրենց գյուղում լինելու մասին: Նա հարգանքով մեզ հրավիրեց  ներս. քաղցր թեյ հյուրասիրեց, իսկ մենք մանուկներին նվերներ բաժանեցինք: Ես հանգիստ նստած թուրքի տանը նայում էի պատերին, առաստաղի ծածկին, իրար կողքի շարված լուռ ու շվար երեխաներին, մտորում էի այն մասին, որ, ահա, օրեր առաջ Ջավախքում էի` իմ տանը, իսկ հիմա՜… Կարծես երազ լինի ամեն-ամեն ինչը… Ահավասիկ, հիմա Էրզրումի Ջինիս գյուղում` երբեմնի պապերիս տանն եմ… Ահա եւ տանտիրոջ հետ իրենց կլոր սեղանի շուրջ նստած` մոտ 10-15 րոպե խոսում էի գիտցածս թուրքերենով եւ հասկացնում, որ ժամանակին իմ նախնիներն են այստեղ ապրել։ Իսկ նա քթի տակ քմծիծաղ տալով հասկացնում է, որ 1830-ին` հայերի հեռանալուց հետո, իր պապերը, որոնք հարեւան են եղել մեր պապերին, զբաղեցրել են այս տները… այնպես որ, երկուսս էլ ջինիսցիների սերունդներ ենք` նույն գյուղում ապրող երկու հարեւանի սերունդներ` որոնցից մեկս բախտի, թե պատմական դաժան «իրողության» չար կատակով ապրում է իր պապենական հողից ու ծննդավայրից հեռու… Ի դեպ, ջինիսցու տունը բավականին մաքուր էր, բակում կիսահայկական-կիսաքրդական կոլորիտ կար` բազմագույն փալասներ էին փռված, իսկ սենյակում` գույնզգույն գորգեր, փռոցներ: Բակի խորքից մի դուռ էր բացվում դեպի թոնրատուն, որից այն կողմ գոմն ու օդան էին: Գոմից մի դուռ էր բացվում դեպի դուրս` առվի կողմը: Իմ տատը պատմում էր, որ Իսոյան տոհմի տներն առվի աջ ափին էին, գյուղի ընդհանուր տներից առանձնացած: Հետաքրքիրն այն է, որ տներից ոչ մեկը երկրաշարժից չէր տուժել: Եվ 5 անշուք հողածածկ կտուրներով տները զինվորի նման իրար կողքի` կանգնած էին միաշարք, որոնք կառուցվել էին պապերիս ձեռքերով;
Մենք գնացինք նաեւ նախնիներիս գերեզմանատուն: Այնտեղ, մանր-մունր քարերից բացի, ցավոք, ոչինչ չգտանք: Ջինիս գյուղում մեր պապերի հոգեւոր տունը` Սուրբ Գրիգոր եկեղեցին, ի դեպ, արդեն թուրքական մզկիթի էր վերածված: Երբ փորձեցինք հարցնել, թե հայեր կա՞ն գյուղում, նրանք պատասխանեցին` այո, եւ ցույց տվեցին դրկից երկու տուն եւ ավելացրին. «Նրանք վաղուց հայերենը մոռացել են, հայերեն խոսել են պապերը»: Այդ օրը նրանք հնձի էին գնացել: Հայերեն ոչ մի բառ չգիտեցող հայերին մենք թեեւ երկար սպասեցինք, սակայն նրանց այդպես էլ չտեսանք: Գյուղամիջում հայտնի պատմաբան ընկերոջս` Արտյուշ Սանոսյանի հետ զրույցի բռնվեցինք մի մեսխեթցու` Էլդարի հետ: Նա անընդհատ խոսք էր բացում հայերի «հորած ոսկիների» մասին: Խորին ափսոսանքով Էլդարը պատմեց, որ մի անգամ ինքն իբր թե հյուրընկալել է մի հայի, որը Ջինիս էր եկել իր պապի թաքցրած ոսկիները գտնելու, որոնք իբրեւ պահված են եղել հենց այդ տանը: «Առավոտյան արթնանալով,- պատմում էր նա,- ես հային իր անկողնում չգտա, մտա թոնրատուն եւ ի՞նչ տեսա…… հայը փորել էր թոնրի շուրթի հողն ու տարել այնտեղ թաղված ոսկիները…»: Մի թուրք էլ «բարեկամաբար» ինձ հիշեցրեց, որ 1915 թվականին դաշնակները իրենց գյուղում մի գիշերվա մեջ մորթել են 587 թուրքի: Այս թիվը նա իր ձեռքով գրում է իմ ծոցատետրի մեջ։ Ինձ ոչինչ չէր մնում անելու, քան այդ թվի կողքին գրել` մեկ ու կես միլիոն նահատակված հայ… Թուրքը նայեց աչքերիս (ինչ-որ բան հասկացավ երեւի) ու լռեց:

Մենք եկեղեցու կողքին տեսանք փլված տներ, մեկի բազալտե պատի վրա փորագրված էին հայերեն կիսաբառեր` Կիրակ, Գ. Կ.: Ենթադրել կարելի էր, որ այդ թաղում Կիրակոսյան տոհմն է ապրել, այսինքն` այդ շենքը եղել է նրանց սեփականությունը: Գյուղի բնական դիրքը, լեռնաշարերը, գյուղի միջով անցնող առվակներն ու առուները, Ջինիս գետը, երկնասլաց բարդիները, շրջապատի կանաչ գոտին, մարդկանց աչքերից ասես թաքցնում էին գյուղի գլխին իջած ողբերգությունը։ Այդտեղ մենք նկարահանումներ էինք անում, մինչդեռ թուրք գյուղապետը, որտեղից որտեղ եկավ մեզ մոտ եւ խիստ տոնով հարց էր տալիս. «Ի՞նչ իրավունքով եք գյուղ մտել»: Մեր բացատրությունը, կարծես, իզուր էր: Նա մեզ տարավ գրասենյակ, զանգահարեց ոստիկանություն: Մենք բացատրում էինք, որ գյուղ գալով` ոչ մի չար նպատակ չենք հետապնդել, որպես զբոսաշրջիկներ պարզապես եկել ենք մեր պապերի բնօրրան՝ այցելության: Իհարկե, զարմանք էր հարուցում այն, որ գյուղացիները մեր կողմից էին խոսում, իսկ գյուղապետը «պարզում էր» մեր ով լինելը` «Էրզրում» հյուրանոցի միջոցով, որտեղ մենք իջեւանել էինք։ Կասկածամիտ գյուղապետը մեր ով լինելը «պարզելուց» հետո մեղմացավ, մեզ հյուրասիրեց «շիրին» թեյով: Ես իմ մտքում «մնաս բարով» ասի պապերիս դարավոր օթեւանին՝ Ջինիս գյուղին եւ ինձ համարեցի երջանիկ մարդ, որ արժանացա կարոտաբաղձ երազանքիս՝ տեսնել նախապապերիս բնօրրանը այն կորցնելուց 175 տարի հետո:

Ես, որպես վիրավոր Էրգրիս մի ուխտագնաց, նախապապերիս ծննդավայրում  հետո հանդիպել եմ ծպտյալ շատ հայերի, տեսել եմ «ծպտյալ» խաչքարեր, ավերված վանքեր, լացող ու կողպված դռների կողքով անցնելիս` «Տերունական աղոթք» եմ մրմնջացել…

Այսպիսով, մենք` ուխտագնացներս, անցել ենք շատ քաղաքների, գյուղերի, ավերված հայկական վանքերի կողքով… Եվ երբեմն նույնիսկ փող ենք առաջարկել քրդերին ու թուրքերին, որպեսզի մեր սրբատեղիների դռները բացեն, ցույց տան մեզ խաչքարերի վրայի աղոթախոսքերը, տապանագրերը: Այդ սուրբ մասունքները նրանք երբեմն պահում են իրենց գոմերի մեջ, մսուրներում՝ զբոսաշրջիկ այցելուներից փող կորզելու նպատակով…»:

Զրույցը` Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ 17.09.2020

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/09/18/1135576/

© 1998 — 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից