Երկրի խորհրդարանը օրինագծին կողմ քվեարկեց միաձայն:

Անցած դարում Օսմանյան Թուրքիայում 1.5 միլիոն հայերի ցեղասպանության ժխտումը Կիպրոսում այսուհետ քրեորեն պատժելի արարք է։ Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն այսօր առավոտյան միաձայն կողմ քվեարկեց այդ օրինագծին։

Այսպիսով Կիպրոսը դարձավ եվրոպական չորրորդ երկիրը՝ Սլովակիայից, Շվեյցարիայից և Հունաստանից հետո, որտեղ Հայոց ցեղասպանության, մարդկության դեմ կատարված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների ժխտումը քրեորեն պատժելի է։ Կիպրական այս օրենքը պատիժ է սահմանում 5 տարվա ազատազրկում և/կամ 10 հազար եվրո տուգանքի տեսքով:

«Այսօր պատմական օր է»,- Կիպրոսի խորհրդարանի խոսնակ Յիաննակիս Օմիրուի խոսքերն է մեջբերում «Ռոյթերզ»-ը։ Օմիրուի խոսքով՝ այս օրինագիծը թույլ է տալիս վերականգնել պատմական ճշմարտությունը։

Արևմտյան մամուլն, անդրադառնալով այս իրադարձությանը, չի բացառում, որ այն էլ ավելի կսրի շուրջ չորս տասնամյակ շարունակվող թուրք-կիպրական հակամարտությունը, որի պատճառը Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի բռնազավթումն ու այն թուրքական պետություն ճանաչելու փաստն է։

Անցյալ տարի Հունաստանի կողմից նմանօրինակ օրինագծի ընդունումը հարուցել էր Թուրքիայի զայրույթը։ Այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե այդ քայլով Հունաստանը խնդրահարույց է դարձնում թուրք-հունական հարաբերությունները։ Պաշտոնական Աթենքը ի պատասխան հայտարարել էր, թե օրինագիծը համահունչ է Եվրոպայում ընդունված որոշումներին և այն ամբողջովին համապատասխանում է միջազգային իրավունքին։

Չնայած այն հանգամանքին, որ կիպրական օրինագիծը հեղինակել են երկրի բոլոր քաղաքական կուսակցությունները, այդուհանդերձ, այն որոշակի տարաձայնությունների տեղիք է տվել։ Օրինագծի քննարկումն անցյալ շաբաթ հետաձգվել էր։ Պատճառն, ինչպես և սպասվում էր, թուրքական կողմի ճնշման փորձերն էին, «Ազատության» հետ զրույցում ասաց Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահդեսյանը։

«Դժվար էր, մի մոռացեք, որ Կիպրոսի բնակչության 30-35 տոկոսը թուրք է։ Կարևոր էր, որ օրենքը միաձայն անցավ այսօր»,- ասաց Մահդեսյանը։

Պաշտոնական Երևանը ողջունել է Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Այս մասին այսօր հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ընդգծելով, որ իրադարձությունը խորհրդանշական է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ «Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում», — հայտարարել է Նալբանդյանը:

Կիպրոսի Հանրապետությունը, հիշեցնենք, առաջին երկիրն էր, որ բարձրաձայն դատապարտել է Հայոց ցեղասպանությունը՝ հարցը բարձրացնելով ՄԱԿ-ում՝ դեռևս 1965 թվականին: Ունենալով ավելի քան 30 տոկոս թուրքազգի բնակչություն՝ այս երկիրը նաև առաջինն էր Եվրոպայում, որը պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը՝ 1975 թվականին:

Անցյալ շաբաթ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն հաստատել է իր մասնակցությունը Հայաստանում ապրիլի 23-25-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։

Կիպրական մամուլի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված երկրում մի շարք միջոցառումներ են նախատեսված, մասնավորապես, Հայոց Ցեղասպանությանը նվիրված նամականիշի թողարկում, մշակութային, գիտական միջոցառումների կազմակերպում, ցուցահանդեսներ, փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրում, հունարեն և հայերեն լեզուներով ցեղասպանության թեմային նվիրված մի շարք գրքերի տպագրություն։

 

http://www.azatutyun.am/content/article/26935001.html

Comments are closed.