«Այս քայլով Թուրքիան Մոսկվայի հետ մրցակցության երրորդ ճակատն է բացում` Սիրիայից և Լիբիայից հետո», — գրում է The Guardian-ը:

Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան` աջակցելու Բաքվին՝ հայերի դեմ սկսված բախումներում, հաղորդում է Reuters-ը: Այդ մասին հեղինակավոր գործակալությանն ասել են հենց իրենք` Ադրբեջան ուղևորվող զինյալները: Reuters-ին մասնավորապես հաջողվել է խոսել նրանցից երկուսի հետ, ովքեր անանուն մնալու պայմանով պնդել են` գնում են հանուն փողի: Զինյալները պատմել են, որ իրենց նման շատ-շատերն են այդ պայմաններին համաձայնել։

Ադրբեջանը դեռ նոր էր տարածել հերքումը, երբ նույն թեմայով հոդված հրապարակեց արևմտյան մեկ այլ հեղինակավոր լրատվամիջոց` բրիտանական The Guardian-ը: Հոդվածի հեղինակը պարբերականի ստամբուլյան թղթակիցն է, ով տեղեկությունները ստացել է առաջին ձեռքից` սիրացի երեք գրոհայիններից, ովքեր խոստովանել են, որ պայմանագիր են ստորագրել թուրքական մի մասնավոր ընկերության հետ` Ադրբեջանում որպես սահմանապահ աշխատելու համար: