Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստներ թուրքական Գազիանթեփով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի` Ադրբեջանի զինուժի կողմից ներգրավվելով ռազմական գործողություններում։

Ինչպես հաղորդում է միջազգային լրատվամիջոցները, Ֆրանսիան հաստատում է, որ դա ապացուցված փաստ է, Ռուսաստանը նույնպես տիրապետում է այդ տեղեկատվությանը:

Այս մասին Մակրոնը հայտարարել է ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։

Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան սերտ կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ու Լեռնային Ղարաբաղի իրավիճակի առնչությամբ նրանց հետ համատեղ խաղաղ նախաձեռնություններ է պատրաստում:

«Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման մի շարք նախաձեռնություններ կձեռնարկեն։ Մենք սերտ աշխատանքային շփման մեջ ենք»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։