Սերբիայում Օսմանյան կայսրության հանդեպ վերաբերմունքը գրեթե նույնն է, ինչ Հայաստանում: Չնայած դրան, վերջին ամիսներին սերբական մամուլը գրեթե չի լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման: Բայց վերջերս երկրի առաջատար թերթերից Politica-ն Երեւանում զրուցել է հայ-սերբական բարեկամության կենդանի մարմնացում հանդիսացող Բաբկեն Սիմոնյանի հետ (Սերբիայում հայտնի թարգմանիչ եւ հետազոտող): Ներկայացնում ենք Սլոբոդան Ամարջիայի հարցազրույցը՝ որոշ կրճատումներով.

«Անցյալին նայում են ժողովուրդներ, որոնք անցյալ ունեն: Նրանք, ովքեր այն չունեն, միայն ապագային են նայում: Ապագային կարելի է հայացք նետել միայն անցյալի հիման վրա»,- մի քանի օր առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Երեւանում մենք զրուցեցինք հայտնի բանաստեղծ եւ թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանի հետ: Առաջին հերթին մեզ հետաքրքրում էր, թե ինչն է միավորում երկու ժողովուրդներին եւ ինչպես կարող ենք այս դժվարին ժամանակներում օգնել միմյանց:

«Իմ կարծիքով՝ սերբերը հայերին ավելի մոտ են, քան ռուսներին: Հենց պատմական ողբերգության պատճառով»,- հայտարարեց Սիմոնյանը՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունն ու 1990-ականներին Հարավսլավիայում պատերազմը:

Սերբիան ու Հայաստանն ի՞նչ կարող են միմյանց առաջարկել:

Հայերը եզակի փորձ ունեն. Հայաստանը վեց դար շարունակ պետականություն չի ունեցել: Մենք ֆիտենք, թե ինչ է թուրքական յաթաղանը, եւ ապրել ենք սեփական ինքնության զգացողությամբ եւ պատմական հիշողությամբ: Ցանկանում ենք սերբերի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ երբեք չի կարելի մոռանալ Ցեղասպանությունը, եւ երբեք չի կարելի մոռանալ, որ Կոսովոն սերբական հող է: Ինչ-որ ժամանակ Կոսովոն կրկին սերբական կդառնա: Հավատացե՛ք դրան: Մենք նման հավատի փորձ ունենք: Բայց դուք մեծ թերություն ունեք. համաձայնություն չկա: Դուք լավ գիտնականներ եք, մտավորականներ, խաղաղասեր եւ բարեսիրտ ժողովուրդ եք, բայց ձեզ մոտ չի ստացվում ասել՝ «Եղբայր, դու ճիշտ ես»: Իսկ Սերբիային միայն դա կարող է փրկել:

Սերբիան ինչպե՞ս է մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակը հարգելուն:

Որքան գիտեմ՝ հիշատակի միջոցառումներին սերբ պատգամավորներ են մասնակցելու: Որքանով տեղյակ եմ՝ հրավեր է ուղարկվել նաեւ նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին: Ընդհանուր առմամբ, որքան գիտեմ, հրավերն արդեն աշխարհի 30 երկրների առաջնորդներ են ընդունել:

Միաժամանակ Թուրքիան, որն իրագործել է Ցեղասպանությունը, նշում է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը: Ինչպե՞ս կբացատրեք այդ որոշումը:

Գալիպոլիի ճակատամարտը սկսվել է մարտին, ոչ թե ապրիլին, եւ պարզ է, որ Թուրքիան ցանկանում է նսեմացնել Հայոց ցեղասպանության նշանակությունը: Հետաքրքիր է, որ մեր նախագահին էլ են Թուրքիա հրավիրել, բայց նա շատ հստակ պատասխանեց, որ չի մասնակցի ճակատամարտի տոնակատարությանը, որը մարտին է տեղի ունեցել, ինչպես եւ հայերը Ցեղասպանության տարելիցն ապրիլի փոխարեն մայիսին չեն նշի:

Եվ վերջում ի՞նչ կցանկանայիք հավելել:

Սերբերն ու հայերը պետք է ավելի շատ համագործակցեն: Հարկավոր է նաեւ ռազմական դաշինք ստեղծել: Հայերը թուրքերի դեմ պայքարել են նաեւ 1389 թվականին Կոսովոյի ճակատամարտում: Երբ նրանք հասկացան, որ իրենք, որպես թուրքահպատակներ, պետք է պատերազմեն սերբերի դեմ, լքեցին օսմանյան բանակն ու անցան սերբերի կողմը:

Ներկայում ես աշխատում եմ Սերբիայում բնակված հայերի մասին մի մեծ գրքի ուղղությամբ. ոչ միայն նրանց, ովքեր այստեղ են հաստատվել Հայոց ցեղասպանությունից հետո, այլ նրանց, որոնք այստեղ ապրել են 14-րդ դարից: Մի պարզ օրինակ. երբ Սուրբ Սավան (Նեմանյիչի իշխանական տոհմից, հետո՝ արքեպիսկոպոս — խմբ.) առաջին անգամ այցելել է Կիլիկիան Հայաստան, նրան ապշեցրել են հայկական եկեղեցիներն ու վանքերը, եւ նա Սերբիա է կանչել հայ ճարտարապետների եւ շինարարների՝ եկեղեցիներ կառուցելու: Այստեղից էլ հայկական ճարտարապետության ազդեցությունը Սերբիայում:

http://news.am/arm/news/259899.html

Comments are closed.