Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Չդադարեցնելով ռազմական նպատակներին հասնելու անհաջող փորձերն ու կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ՝ Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի անմիջական վերահսկողության և կառավարման ներքո, սրընթաց աճող ինտենսիվությամբ շարունակում են հարձակումները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը և հանրապետության այլ բնակավայրեր գտնվում են հրթիռա-ռմբային զանգվածային հարձակումների տակ:

Խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա անդադար հարձակումները ոչ մի կասկած չեն թողնում, որ Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների զինյալների աջակցությամբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի իրական նպատակը Արցախի Հանրապետության ժողովրդի ոչնչացումն է՝ որպես Հայոց ցեղասպանության քաղաքականության շարունակություն», նշված է հայտարարության մեջ։